Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/609

Այս էջը հաստատված է

Բժշկապետը նույնպես չէր հայտնվում, երևի նա ինձ բոլորովին առողջացած էր համարում։ Միայն երբեմն մտնում էր ծերունի սպասավորը և յուր շատախոսություններով զբաղեցնում էր ինձ։ Այդ բարեսիրտ ծերունին այնքան երկար տարի ծառայել էր հիվանդանոցում, որ համարյա կես բժիշկ էր դարձել։ Նա ծաղրում էր ֆելդշերների կատարած հիմարությունները, ծաղրում էր դեղարարի տգիտությունը, թե ի՛նչպես նա շատ անգամ խառնում է դեղերը և թույնը հասարակ քինայի փոխարեն է տալիս։ Պատմում էր զանազան դեպքեր, որ առաջ էին եկել կա՛մ դեղերը խառնվելուց, կա՛մ նրանց չափն ու կշիռը չհասկանալուց։ Ուրախանում էր, որ նոր բժշկապետը առաջարկել է փոխել այդ բոլոր «անպիտաններին» և դիտավորություն ունի նոր կարգեր մտցնել հիվանդանոցի մեջ։ Նա հիացած էր նոր բժշկապետով և միշտ կրկնում էր միևնույն խոսքերը նրա տիկնոջ և մանկահասակ օրիորդի մասին։

Վերջապես եկավ կյուրակեն։ Ես սարսափելով մտածում էի, թե ի՞նչպես պետք է անցկացնեմ այդ օրը, թե ի՞նչպես պետք է սպասեմ մինչև գիշերվա ժամը երկուսը։ Իսկ այն օր, որպես կարծում էի, ինձ համար այնքան ծանր չանցավ։ Համրը թույլտվություն էր խնդրել ինձ տեսնելու, եկավ և ժամերով մնաց ինձ մոտ։ Թեև այժմ նրա փիլիսոփայությունները շատ հետաքրքրական չէին ինձ համար, բայց, այնուամենայնիվ, նրա այցելությունը բավական մխիթարեց ինձ։

Համրը ինձ մոտ եղած միջոցին ներս մտավ բժշկապետը։ Նրան ես ճանաչեցի, թեև այժմ փոքրիկ մորուք ուներ։ Զարմանալի բան է կյանքի մեջ դեպքերի հանդիպումը։ Այդ երիտասարդին ես պատահել էի իմ կյանքում մի քանի անգամ։ Երբ ես կալանավորվեցա, երբ ինձ տարան քննիչի մոտ հարցուփորձ անելու, այդ երիտասարդը, իբրև քաղաքային բժիշկ, այնտեղ ներկա էր։ Երբ դատարանում քննում էին իմ գործը, և ես մանրամասնաբար պատմում էի դատավորներին իմ կյանքի պատմությունը, որպեսզի նրանց կարեկցությունը և բարոյական համոզմունքը շարժեմ իմ անմեղության վրա, այդ երիտասարդը դարձյալ այնտեղ էր։ Երբ ինձ աքսորի դատապարտեցին, և սարսափելի գանահարությունից հետո գիշատված մարմնով ընկած էի բերդի հիվանդանոցում, այդ երիտասարդն էր ինձ բժշկում։ Նա գիտեր իմ կյանքի բոլոր պատմությունը, նա հետաքրքրված էր այդ դժբախտ պատմությունով։ Նա գիտեր, թե որպե՛ս հակառակ իմ կամքին, անխուսափելի հանգամանքները