Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Այս էջը հաստատված է

գրպանում, երկու ձեռքի ափերի մեջ և ծոցում։ Եվ եթե դու գուշակես, որ դրանցից մեկի մեջ է թաքցրած մատանին, կարող ես որոնել, եթե այնտեղից դուրս եկավ, տարած ես, եթե մի այլ տեղից դուրս եկավ, տարված ես։ Միայն այն պայմանով, որ ամեն անգամ նշանակած տեղերից միմիայն մինը կարող ես որոնել․ բացի մեկ տեղից, ուրիշ տեղ նայելու իրավունք չունես։

— Շատ լավ, ես արդեն սովորեցի— ասաց Մայիլովը ուրախանալով։

— Առաջ սկսում եմ ես, որ լավ սովորես։

— Սկսի՛ր։

Եվ օրիորդը յուր երեսը շրջեց դեպի պատը և մի քանի րոպեից հետո դառնալով դեպի Մայիլովը, երկու ձեռքը խփած պահելով հարցրեց.—

— Ո՞ւր է մատանին։

Մայիլովը բռնեց նրա աջ կռուփը, ասաց.

— Այստեղ է։

Օրիորդր ձեռքը բաց արավ. այնտեղ չէր. մատանին դուրս եկավ նրա ձախ կողմի գրպանից։

— Այդ մի ֆունտ կոնֆետ. դու տանել տվիր,— ասաց օրիորդը։

— Մի անգամ ևս,— ասաց պատանին։

— Դու մինչև հինգ անգամ նայելու իրավունք ունիս,— ասաց նրան օրիորդը և դարձյալ երեսը շրջեց դեպի պատը։

Մի քանի րոպեից հետո օրիորդը կանգնեց առաջվա պես և հարցրեց.

— Ապա ա՛յժմ։ Պատանին կարծելով, թե այս անգամ գրպանում դրած կլինի, ձեռքը տարավ նրա գրպանը, որ շատ խորն էր, և սկսեց որոնել, բայց ոչինչ չգտավ։ Միայն զգաց, որ օրիորդի փափուկ ազդրերը յուր մատների հպավորության միջոցին դողում էին…

Այս անգամ մատանին դուրս եկավ օրիորդի ծոցից։

Խաղը կրկնվեցավ։

Այս անգամ պատանին ձեռքը տարավ դեպի նրա խորհրդավոր ծոցը. բայց այնտեղ ևս ոչինչ չգտավ, միայն երկու փափուկ ուռույցներ քնքշաբար հպվեցին նրա ձեռքին, և մի բան նրա կրծքի մեջ սաստիկ զարկում էր․․․

— Այս անգամ նույնպես տանուլ տվիր,— ասաց օրիորդը։

Վերջին խաղին պատանին երկար որոնելուց հետո գտավ մատանին նրա գրպանում, որ երկու ազդրերի մեջ սեղմված էր․․․։