Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/610

Այս էջը հաստատված է

ձգեցին ինձ չարագործության մեջ։ Եվ այդ գրավել էր նրա կարեկցությունը դեպի իմ թշվառությունը։

Նա նախածանոթ էր և Նենեի հետ։ Նա գիտեր այդ անբախտ աղջկա պատմությունը յուր բոլոր մանրամասնություններով։ Նրա միջնորդությամբ Նենեն առաջին անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Նրա բարերարությանը հանձնեցի ես անտեր, անօգնական աղջկան, այն ժամանակ, երբ մի քանի օրից հետո ինձ պետք է վարեին դեպի աքսոր։ Նա էր, որ բանտում մխիթարեց ինձ այդ խոսքերով. «հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան»...։

Այժմ ամեն ինչ ինձ համար պարզ էր։ Հիշյալ խոսքերը ասաց նա մի քանի տարի առաջ, և ես այս գիշեր պիտի տեսնեի Նենեին։ Այժմ ես գիտեի, որ երիտասարդը հենց այն ժամանակ, երբ ես անջատվեցա Նենեից, առել էր նրան յուր խնամակալության ներքո, և հետո, պաշտոնով այստեղ գալով, բերել էր յուր հետ։

Չնայելով այդ բոլոր հին հարաբերություններին, բժշկապետը ծանոթություն չտվեց ինձ։ Նա երկար խոսում էր համրի հետ, առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու։ Նրանց խոսակցությունը ես չէի հասկանում, որովհետև խոսում էին գերմաներեն լեզվով։ Այդ լեզուն ես չգիտեի։

Բժշկապետի գնալուց հետո համրը ավելի ուրախ տրամադրության մեջ էր գտնվում։ Այդ մարդը այն բնավորություններից էր, որ հազիվ կուրախանար, և եթե ուրախ էր, կնշանակեր, որ մի նշանակավոր բան կա։ Ի՞նչ կար, ի՞նչ խոսեցին, ի՞նչ էր, որ ուրախացնում էր այդ մշտատխուր երիտասարդին,— այդ մասին նա ոչինչ չհայտնեց։ Ես էլ իմ կողմից չհարցրի պատճառը։ Նրա ներկայությունը, որ սկզբում այնքան մխիթարում էր ինձ, այժմ ձանձրաքի դարձավ: Ես ցանկանում էի միայնակ մնալ և հագենալու չափ մտածել Նենեի վրա։ Ես չէի նայում, որ մի ուրիշի ներկայությունը խանգարեր այդ գեղեցիկ մտածությունները։

Համրը երկար չնստեց, նա գնաց և ինձ ձեռք տալու միջոցին ասաց այդ մթին խոսքերը.

— Հանգիստ կացեք, շուտով ձեզ փրկություն կլինի...։

Ես ուշադրություն չդարձրի այդ խոսքերի նշանակության վրա, կարծեցի, թե իմ հիվանդությունից փրկվելու մասին էր խոսքը։ Բայց այժմ ես չէի ցանկանում առողջանալ հիվանդությունից, այժմ ինձ խիստ ծանր էր թողնել հիվանդանոցը։ Ես կամենում էի միշտ այնտեղ մնալ և առիթ ունենալ տեսնելու Նենեին։