Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/612

Այս էջը հաստատված է

արարածը առաջվա կիսավայրենի Նենեն էր։ Ո՞ր աստվածային շունչը այսպես մեղմացրեց, այսպես ազնվացրեց նրա բնավորությունը։

— Դու ո՜ւմ մոտ ես ապրում,— հարցրի նրանից։

— Բժշկապետի տանը։ Նրա ամուսինը մի պատվական կին է, սաստիկ սիրում է ինձ։ Գիտե՞ս, Մուրադ, նա ինձ սովորեցրեց գրել, կարդալ, ես շատ գրքեր եմ կարդացել։

— Նրանք գիտե՞ն, որ դու հիմա այստեղ ես։

— Գիտեն։ Բժշկապետը ինքը պատվիրել էր ծերունի սպասավորին, որ ինձ ներս թողնե։ Ես նրան շատ խնդրեցի՛, սկզբում չէր հոժարում, ասում էր քո այցելությունը վատ ազդեցություն կանե հիվանդի առողջության վրա, բայց երբ երկար աղաչեցի, հոժարեցավ։ Ինձ ավելի հետաքրքրում էին Նենեի հետ պատահած անցքերը, սկսյալ այն օրից, որ ես անջատվեցա նրանից։ Ես խնդրեցի պատմել բոլորը։ Նա խիստ դժվարությամբ հանձն առեց պատմել, ասելով, որ յուր հետ պատահած արկածների մեջ կային այնքան դա՜ռն, այնքան տխո՜ւր դեպքեր, որ չէր ցանկանա ես լսեի։

— Այսուամենայնիվ, ես պետք է գիտենամ բոլորը։

— Ուրեմն կպատմեմ։

Նա այսպես սկսեց յուր պատմությունը.

— Դու հիշո՞ւմ ես, Մուրադ, քո կալանավորվելուց հետո, ես մի անգամ միայն կարողացա տեսնվել քեզ հետ, այն ևս բերդի մեջ։ Այնուհետև ես ամեն օր գալիս էի, կանգնում էի բերդի դռան մոտ, լաց էի լինում, աղաչում էի, բայց ինձ ներս չէին թողնում.— ,Գի՜ժ աղջիկը.., տեսեք գի՜ժ աղջիկը»... ասում էին ու ինձ հալածում էին։ Երբ խավարը պատում էր, երբ չար մարդիկ այլևս չէին երևում, ես դարձյալ մոտենում էի բերդին, պտտում էի նրա շուրջը, և գիշերային լռությունը աղմկում էր իմ հառաչանքներով։ Միայն առավոտյան լույսը ինձ հեռացնում էր այնտեղից։ Անցա՜ն օրեր, անցա՞ն շաբաթներ, անցան ամիսներ։ Մի առավոտ բերդի դռան պահապան զինվորը ասաց ինձ.— «Խե՜ղճ աղջիկ, այն որ դու պտրում ես, էլ այստեղ չէ»...— «Ապա ո՞րտեղ էս, հարցրի ես սարսափելով.— «Տարան»..., պատասխանեց նա, կարծես, ինքն ևս տրխրելով, չգիտեմ իմ վրա թե քեզ վրա։— «Ո՜րտեղ տարան»,— հարցրեցի ես, ավելի մոտենալով նրան։— «Սիրի՜ր»...։ Ես խելագարի նման սկսեցի վազ տալ։ Չգիտեի, թե ո՛ր կողմը գնամ։ Նույն զինվորը ետևից ձայն տվեց. — «Բռնեցեք փոստայի մեծ ճանապարհը»։