Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/614

Այս էջը հաստատված է

— Դուք պատմե՞լ էիք նրան, Մուրադ,— հարցրեց Նենեն, կտրելով յուր խոսքի թելը և դիմելով ինձ։

— Այո՛, պատմել էի, պատմել էի այն ժամանակ, երբ ես բանտումն էի։ Ես խնդրեցի նրանից, որ քեզ առնե յուր պաշտպանության ներք, և նա խոստացավ իմ խնդիրքը, և, որպես երևում է, կատարեց բարի մարդը։

— Այո՛, կատարե՜ց,— կրկնեց Նենեն մի առանձին զգացմունքով։— Ա՜խ։ ի՞նչով կարող ենք փոխարինել այդ ազնիվ երիտասարդի երախտիքը... նա դիտավորություններ ունի դեռևս շատ լավություններ անելու մեզ․․․։

Նենեն ուրախության արտասուքը սրբելով յուր աչքերից շարունակեց.

— Ես հարցրի բժշկապետից, թե ի՞նչ էր պատճառը, որ ինձ բերել էին գժատուն։ Նա ասաց, որ այն՜ դատապարտյալին, այսինքն քեզ, դեպի աքսոր վարելու ժամանակ, ես խելագարի նման հարձակվել էի պահապան զինվորների վրա, խլել էի մեկի ձեռքից հրացանը և արձակել էի։ Թեև ոչ ոքին վնաս չէի հասցրել, բայց իմ վարմունքը օրենքով համարվում էր ծանր հանցանք։ Այդ հանցանքը ավելի խստությամբ էր պատժվում գլխավորապես այն պատճառով, որ կատարվել էր քեզ հափշտակելու նպատակով։— «Իսկ երբ գործողությունը կատարված է ուղեղի անառողջ դրության մեջ» — ավելացրեց բժշկապետը,— «պատիժը մեղմացնում են»։ Ես պատասխանեցի.— «Ամենևին չեմ ցանկանում, որ իմ պատիժը մեղմացնեն։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ կուղարկեն Սիբեր։ Այնտեղ կտեսնեմ նրան․ այնտեղ տարան նրան, թող ես էլ նրա մոտ լինեմ»։ — «Խե՞ղճ աղջիկ,— ասաց բժշկապետը,— դու դեռ այնքան անփորձ ես, որ չգիտես, թե ի՞նչպես են վարվում աքսորյալների հետ։ Խելագարությունը միայն կարող է փրկել քեզ»...։ Ես դարձյալ պնդեցի, թե երբեք չեմ ասի, որ ցնորված եմ եղել, այլ պարզ կխոստովանեմ, որ կամենում էի ազատել սիրելիս և այդ նպատակով հարձակում գործեցի։ Բժշկապետը, թեև չկարողացավ ինձ համոզել, բայց դարձյալ ուրիշ շատ խրատներ տալով՝ ավելացրեց, որ իմ վարմունքը իսկապես «մինչև խելագարության հասած» սիրո ցնորք է եղել և ավելի ոչինչ։

— Բայց ես բժշկապետին չհավատացի, թեև, նա ինձ զանազան խոստմունքներ արեց և զանազան հույսեր տվեց։ Ես հաստատ մնացի իմ կամքի մեջ, և երբ առաջին անգամ տարան ինձ դատարանը, ես պարզ ասեցի դատավորներին.— «Պարոն դատավորներ,