Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Այս էջը հաստատված է

— Այժմ տարար,— ուրախությամբ ձայն տվավ օրիորդը։ Հերթը հասավ Մայիլովին։

Նա նույնպես սկսավ թաքցնել մատանին մերթ յուր անդրավարտիքի գրպանում, մերթ յուր ծոցում և մերթ պահում էր հուպ արած ձեռքերի մեջ։ Բայց օրիորդ Սոֆիի խուզարկու ձեռքը չէր ցանկանում բաժանվել այդ խորհրդավոր պահարաններից, մանավանդ երբ թաքցրած մատանին նրա ծոցումն էր լինում…։

— Ես տանուլ տվի,— վերջապես ասաց օրիորդը։ — Նիկոլ, ի՞նչ վարպետությամբ ես խաղում․․․։

Եվ օրիորդը փաթաթվեցավ նրա պարանոցին, երկար յուր բոցավառված շրթունքը չհեռացրեց Մայիլովի գեղեցիկ երեսից, մինչև պատանին ձայնեց.

— Սոֆի՛, ի՞նչ ես անում, ամոթ է։

Հանկարծ մյուս սենյակից լսելի եղավ տիկին Բարբարեի ձայնը։

Նրանք բաժանվեցան։

Մայիլովն այլևս չմնաց օրիորդի սենյակում․ նա դուրս եկավ և, առանց ասելու տիկին Բարբարեին կամ Գրիգոլին տեսնելու, անխոս հեռացավ Հացի—Գելենց տանից։

ԺԲ

Մայիլովը մի շաբաթից ավելի էր չէր եղած Հացի—Գելենց մոտ։ Օրիորդ Սոֆիի վերջին անպարկեշտ վարմունքը վատ տպավորություն թողին նրա սրտում, նրան անախորժ էր թվում այնուհետև կրկին տեսնել նրա երեսը։

Բայց օրիորդ Սոֆին երկար սպասելով նրան, երբ տեսավ, թե նա չէ երևում, մի օր հետևյալ փոքրիկ տոմսակը գրեց նրան.

«Իմ հոգյա՛կ Նիկոլ.

Արդեն մի ամբողջ շաբաթ է, որ դու մեզ մոտ չես եղել, մտածիր, թե որքան երկար և ծանր է այդքան ժամանակն ինձ համար քեզ չտեսնելուս պատճառով։ Բայց ափսոս, որ չեմ գտնում այնպիսի բառեր, որոնցով կարողանայի զգացածս քեզ բացատրել։ Բայց եթե գրելու ևս լինիմ, դու չես հասկանալ, որովհետև դու տակավին չգիտես, թե ի՛նչ է սերը…...