Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/621

Այս էջը հաստատված է

ԺԱ

ՆԵՐՈԻՄՆ

Սպիտակ տնակը այժմ բոլորովին ուրիշ տեսք էր ստացել։ Պատշգամբի կոտրտված վանդակապատը նորոգվել էր և փայլում էր ձյունի պես սպիտակ գույնով։ Փտած սանդուղքները նույնպես նորոգված էին, և աջ ու ձախ կողմից շարած էին ծաղիկների թաղարներ։ Պարտիզի ճեմելիքները պատած էին մանրած աղյուսի ծիրանեագույն փոշիով։ Հովանոցը կանաչազարդ վրանի էր նմանում, արեգակի ճառագայթները անկարող էին թափանցել պատատուկ բույսերի սաղարթախիտ հյուսվածքի միջից։ Պարտիզի ցանկապատը, բոլորած կենդանի բույսերով, ներկայացնում էր մի ծաղկազարդ պատնեշ։ Ծառերը մանկացել էին, գեղեցկացել էին և տարածում էին իրանց շուրջը խիստ զովարար ստվեր։ Ծաղիկները քաղցրացնում էին ամառային առավոտները ախորժելի անուշահոտությամբ։ Հին, ավերակ դարձած տնակը այժմ փոքրիկ դրախտ էր դարձել: Նա ներկայացնում էր խիստ աչքի զարկող հակապատկեր յուր տխուր, միօրինակ շրջակայքի մեջ։ Նենեի և նրա աշխատասեր տիկնոջ ջանքերին էին պարտական այդ բոլոր նորոգությունները։

Երեկոյան պահուն, երբ արևը խոնարհվում էր դեպի յուր գիշերային մուտքը, Նենեն, ցնցուղը ձեռին, սառն ջրով սրսկում էր ցերեկվա տոթից թառամած ծաղիկները։ Նրա ժրաջան տիկինը, կարճ շրջազգեստով, գոգնոցը կապած կամ փոքրիկ բահը ձեռին փորում էր ածուները, կամ մկրատով կտրատում էր թուփերի ավելորդ ճյուղերը։ Նրա ամուսինը հովանոցում նստած գիրք էր կարդում և երբեմն, աչքերը բարձրացնելով, նայում էր գեղեցիկ կնոջ վրա և սքանչանում էր։

Այդ պարտիզում առավոտները և երեկոները հավարվում էին մի խումբ երեխաներ, տղա, աղջիկ զանազան հասակների։ Այդ փոքրիկ չարաճճիները, ավելի քան երգեցիկ թռչունները, կենդանացնում էին գեղեցիկ դրախտը իրանց ուրախ ծլվլոցով։ Քրտնած, փթթած, կարմրած թշերով, վազվզում էին նրանք ճեմելիքներում, ընկնում էին փափուկ ավազի վրա, վեր էին կենում, և կայտառ, անվաստակելի բնավորությունները դարձյալ շարունակում էին վազվզել: Նենեի տիկինը գրկում էր նրանց, համբուրում էր, թափ