Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/624

Այս էջը հաստատված է

անցյալի հետ, նկարագրեց նրա կյանքի նշանավոր գծերը և գլխավորապես շեշտում էր այն կենսական պայմանների վրա, որոնց անխուսափելի ազդեցության ներքո այդ բնականից բարի և տաղանդավոր երիտասարդը դարձավ մի տաղանդավոր չարագործ։ Եվ հետո ավելացրեց, թե ինչպես նա, հանդիպելով մի օրինավոր ընկերի, նրա ազդեցության ներքո ուղղվեցավ, զարգացավ և բարոյական մարդ դարձավ։ Նա վերջացրեց յուր ճառը այդ խոսքերով. «Եթե ցանկանում եք, որ մեր բանտերը, որ մեր աքսորատեղերը չլցվեն հանցավորների ահագին բազմությամբ, պետք է աշխատենք անհետացնել հանցանքների պատճառները իրանց բուն արմատի մեջ»։

Բոլորը ծափահարեցին: Գավաթները դատարկվեցան. խմեցին ուղղված և ներումն ստացած դատապարտյալի կենացը։

ԺԲ

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Մի ամիս անցել էր այդ օրից։ Մի կառք սահում էր հարթ, փոստային ճանապարհով։ Նրա մեջ նստած էին Նենեն և Մուրադը։ Երկուսն էլ ուրախ, երկուսն էլ բախտավոր։ Կառապանը սուլելով քշում էր ձիերը, կարծես նա ևս ուրախ էր, որ տանում է մի զույգ նորապսակ ամուսիններ։

Առջևում, երկայն կոշիկները հագին, ցուպը ձեռին, ուղևորի պարկը ուսին, դանդաղ քայլերով գնում էր մի ճանապարհորդ։ Երբ նա հեռվից նշմարեց կառքի մոտենալը, կանգնեց։

Կառքը հասավ ճանապարհորդին։

— Ձեր անունով նամակ ունեմ, պարոն,— ասաց նա և մի ծրար մեկնեց դեպի կառքը։

Մուրադը նայեց օտարականի երեսին և սոսկաց։ Նա ձեռքը տարավ դեպի ատրճանակը և, ուղիղ բռնելով դեպի օտարոտի նամակաբերը, ասաց.

— Հեռացե՛ք, եթե չեք ցանկանում մեռնել։

— Երդվում եմ երկնքի և երկրի բոլոր սրբություններով, որ