Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/625

Այս էջը հաստատված է

դեպի ձեզ ոչ մի չար նպատակ չունեմ,— ասաց նա համոզիչ ձայնով։— Ընդունեցեք այդ նամակը։

— Միթե կարելի՞ է հավատալ ձեր երդումներին։

— Ես կամենում եմ ապացուցանել, որ ես այնքան վատ չեմ, որքան դուք կարծում եք:

Այդ խոսակցության բոլոր ժամանակը Նենեն կպած էր յուր սիրելի ամուսնու կողքին և անդադար հարցնում էր։— Ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում այդ մուրացկանը։

Մուրադը հրամայեց կառքը կանգնեցնել, ձեռքը մեկնեց և առեց ծրարը։ Նա իսկույն բաց արեց նամակը, որ սկսվում էր այդ խոսքերով.

«Մուրադ, կարդացեք, հետո ոչնչացրեք այդ նամակը։ Մեզ հաջողվեցավ ազատվել դատապարտյալների տնից։ Մենք կսպասենք քեզ Օ... քաղաքում։ Ներեցեք նամակաբերին և մոռացեք անցյալը։ Մեր ազատությամբ նրան ենք պարտական»։

Ստորագրված էին նրա երկու բարեկամների՝ Համրի և Ավազակապետի անունները։

Մի քանի անգամ Մուրադը կարդաց այդ տողերը։ Նրա սրտին տիրեց անչափ ուրախություն և միևնույն ժամանակ կասկած։ Մի՞թե այդ բոլորը կեղծ չէր։ Երևի նամակաբերը նկատեց նրա տարակուսությունը և խիստ սրտաշարժ ձայնով ասաց.

— Երդվում եմ այն աղ ու հացով, որ շարունակ տասնյակ տարիներ միասին կերել ենք, և հավատացնում եմ ձեզ, որ այդ նամակի մեջ կեղծ ոչինչ չկա։

Մուրադը կրկին ուշադրությամբ նայեց նամակի վրա։ Նրա մի անկյունում հազիվ նշմարվում էր մի խորհրդավոր էմբլեմա, որ կազմված էր հայոց այբուբենի առաջին և վերջին տառերից՝ Ա և Ք, իսկ այդ երկու տառերի մեջտեղում զետեղված էր մի խարիսխ, որ հովանավորված էր սև ձեռքով։ Դա նրա և յուր երկու ընկերների մեջ մի պայմանական նշանաբան էր։

— Հավատում եմ,— ասաց Մուրադը և, նամակը բռնելով վառած լուցկիի վրա, այրեց։

Նամակաբերը խոսեց.

— Իմ ձեռքով կատարվեցավ քո անկումը, Մուրադ, ես ինձ բախտավոր կհամարեի, եթե քո ազատությունը նույնպես իմ ձեռքով