Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/630

Այս էջը հաստատված է

բոլոր արժեթղթերը նվիրեցի Համրին և Ավազակապետին։ Այդ քո բաժինն էր, որ պահել էի քեզ համար։ Այն թղթերը նույնպես մաքուր վաստակ չէին։ Բայց նրանք ընդունեցին, ասելով. «Հացը թող համեղ լինի, ի՞նչ փույթ, որ ջհուդի թխած կլինի...»։

Մուրադը ընդունեց ոսկիները։ Քավոր Պետրոսը շարունակեց.

— Դու կհանդիպես Համրի և Ավազակապետի հետ Օ... քաղաքում։ Նրանք այնտեղ կսպասեն քեզ։ Հետո միասին կգնաք մեր հայրենիքը։ Նրանք երկուսն էլ լավ մարդիկ են։ Խորհուրդ եմ տալիս քեզ չբաժանվել նրանցից, միասին կսկսեք գործել ու աշխատել։ Քաղցր է աշխատանքը հայրենի հողի վրա...։

Բոլոր այդ խոսակցության ժամանակ Մուրադը նկատում էր և մի ավելի մեծ փոփոխություն քավոր Պետրոսի բնավորության, հայացքների և բարոյական հատկությունների մեջ։ Առաջ նա գործում էր չարը միայն չարության համար, թեև նրա գործողությունները կատարվում էին որոշված, հաստատ և գիտակցական նպատակներով։ Իսկ այժմ նա կարծես օրորվում էր այդ երկու մտքերի մեջ. միթե ավելի լավ չէ՞ր լինի, որ չարությունը բառնայինք բարությամբ, մի՞թե չարությունը չարությամբ արմատախիլ անելը դաստիարակության նույն եղանակը չէր լինի, երբ վարժապետը աշխատում է կրթել և բան սովորեցնել անպիտան աշակերտին ծեծի և պատիժների ուժով։ Քավոր Պետրոսը հակված էր երևում դեպի զղջում, դեպի ուղղություն, բայց նրան կատաղեցնում էր այն միտքը, թե ինչո՞ւ ինքն առաջին քայլն անե և ուղղվի, թե ինչո՞ւ ինքը զիջումն անե ուրիշների չարության դեմ, միթե դրանով իրան մի անբախտ զոհի վիճակի մեջ չի՞ դնի։ Երբ մարդիկ խաբում են, նա էլ պետք է խաբե, երբ մարդիկ հարստահարում են, նա էլ պետք է հարստահարե։

Կառքի ձիաները փոխել էին, անիվները ձյութով օծել էին, և պատրաստ էր իջևանի բակում։ Նենեն զարթնել էր և հոգնածությունից կազդուրված, վազեց նա կառքի մոտ, և առանց Մուրադի օգնության, ինքը ցատկեց, նստեց նրա մեջ։

— Նենե, ձեռք տուր այդ օտարականին, դա իմ վաղեմի բարեկամն է,— ասաց Մուրադը։

Նենեն մեկնեց ձեռքը։ Քավոր Պետրոսը բռնելով ասաց.

— Դուք երկուսդ էլ արժանի եք միմյանց։ Նախախնամությունը, զանազան փորձանքների միջից անցկացնելով ձեզ, կրկին հանդիպեցրեց միմյանց։ Օրհնում եմ ձեր ամուսնությունը և բախտավորություն եմ ցանկանում։