Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/631

Այս էջը հաստատված է

Մուրադը ընկավ նրա գիրկը և, արտասուքը աչքերում, երկար աղաչում էր, խնդրում էր նրան, որ նստե իրենց հետ կառքը և միասին վերադառնան իրանց հայրենիքը՝ Պարսկաստան։ Բայց քավոր Պետրոսը դարձյալ մերժեց, ասելով.

— Դուք գնացեք, տեր ընդ ձեզ, ես դեռ բոլորովին չեմ վերջացրել իմ գործը... գուցե հեռվից ավելի պիտանի կլինեմ ձեզ...։

Մուրադը նստեց։ Կառքը շարժվեցավ։ Քավոր Պետրոսը բավական տեղ ոտքով գնաց նրանց հետ։ Հետո կրկին ձեռք տալով Նենեին, կրկին համբուրվելով Մուրադի հետ, բաժանվեցավ։ Նա երկար կանգնած նայում էր նրանց ետևից, մինչև կառքը բոլորովին անհետացավ նրա աչքերից։ Այդ ժամանակ միայն դժբախտ թափառականը ճանապարհը ծռեց և սկսեց դիմել դեպի մի այլ կողմ...։



Երեք ամիս անցել էր այն օրից։ Պարսկաստանի Սալմաստ գավառում, Սավրա գյուղից ոչ այնքան հեռու (որը Մուրադի հայրենի գյուղն էր) տարածված էին հին ավերակներ։ Արաբական ճաշակով կառուցված մի հոյակապ մինարեթ միայն կանգուն էր մնացել այդ տխուր ավերակների մեջ։ Նրա բարձր կամարների ներքո թագավորում էր մշտական ամայություն և խավար։ Չղջիկները և վայրենի աղավնիները միայն երբեմն աղմկում էին այդ անբնակ մինարեթի գերեզմանական լռություն։ Բայց մի գիշեր այնտեղ լույս էր երևում։ Հատակի վրա վառվում էր խարույկը, և նրա լուսավորության մեջ շարժվում էին անորոշ ստվերներ։ Եթե մեր ընթերցողը համարձակություն ունենար և, գաղտնի կերպով մոտենալով մինարեթին, նրա կիսավեր դռնից նայեր ներսը, անպատճառ կտեսներ նույն դեմքերը, որոնք ծանոթ են նրան, որոնց ճանաչում է նա, սկսյալ նրանց պատանեկության հասակից։ Այնտեղ էին Մուրադը և Հալլադը (Ավազակապետը), երկուսն էլ զեյթունցու հագուստի մեջ կերպարանափոխ եղած։ Այնտեղ էին Մուրադի մանկության երեք ընկերները՝ Կարոն, Ասլանը և Սագոն, մշեցոց ծպտյալ հագուստով։ Այնտեղ էր պատանի Ֆարհադը, որ նոր էր ընկել այդ շրջանի մեջ։ Այնտեղ չէր միայն Համրը։

Մինարեթը շատ հեռու չէր այն վայրերից, այն այգիներից և այն ձեռնատունկ անտառներից, որոնց մեջ Մուրադը յուր պատանեկության հասակում, իբրև փախստական, ապաստան գտավ։ Որպես տեսանք այդ, հիշատակարանի սկզբում, այն ժամանակ նա վարում էր բավական կասկածավոր կյանք յուր երեք ընկերների՝