Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/638

Այս էջը հաստատված է

օգնության ընկերություն հիմնելու միտքը, որը նպատակ ուներ բարվոքիչ գործակատարների տնտեսապես անապահով վիճակը։ Րաֆֆին վեպում այս միտքը արտահայտում է Արուսյանի միջոցով, որ «ցանկանում էր խնայողական դրամարկղ հիմնել նույն քարվանսարայի գործակատարների համար, ուր ինքը խանութ ուներ»։ Վեպում Արուսյանը անհրաժեշտ է համարում գործակատարներին «... մտավոր սնունդ տալ, բարոյապես կրթել»։ Մի փոքր ցածում Րաֆֆին արձագանքում է հասարակական կարծիքին. «Մտածում է,— ասում է Արուսյանը,— և ես այդ մասին աշխատում եմ, որ գործակատարների համար ևս մի կլուբ հիմնվի»։ Արուսյանը իր խոսակցին մեկ առ մեկ թվում է, թե որքան աշխատել ու մտածել է գործակատարների «կիրակնօրյա դպրոցների... ընդհանուր գրադարանի... և ուրիշ այլ և այլ միջոցների մասին»։

Եթե հիմնավորված համարենք, որ Րաֆֆու այս վեպը և թերթերում եղած հոդվածները հասարակական միևնույն երևույթի արձագանքներն են, ապա պետք է պնդել, որ Րաֆֆին վեպը գրել է 1876 թվականին, առավելապես այդ թվականի առաջին կեսի վերջում, որովհետև, ինչպես պարզվում է մամուլից, այդ հարցը հասարակական հրապարակ է մտնում 1876 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։

1877 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Րաֆֆին թևակոխում է ստեղծագործական նոր էտապ․ գրում է «Ջալալեդդին», ապա նաև «Խենթը» վեպերը։ Նա ժամանակ և հնարավորություն չի ունենում, ինչպես ավարտելու, այնպես էլ հրատարակելու «Մինն այսպես, մյուսն այնպես» վեպը։

Այս վեպը կարևոր նշանակություն ունի Րաֆֆու ստեղծագործական դեմքը ամբողջացնելու և նրա աշխարհայացքի զարգացման հետ կապված մի շարք հարցերի պարզաբանման տեսակետից։ Մինչդեռ վեպը ինչպես հետագա ուսումնասիրողների, այնպես էլ ժամանակին մամուլի կողմից համարյա թե մատնվել է անուշադրության։ Նման վերաբերմունքի պատճառներից մեկը անկասկած ուշ տպագրվելու հանգամանքն էր։ Մյուս կողմից 1890 թվականին, երբ Աննա Րաֆֆին հրատարակում է այս վեպը, արդեն հրապարակի վրա էին հեղինակի «Խենթը», «Ջալալեդդին», «Կայծեր», «Դավիթ բեկ» և «Սամվել» վեպերը, այնպես որ դրանցից հետո այս վեպը պարզ է, որ չէր կարող մամուլի ուշադրության կենտրոնում լինել։ Ամենից առաջ «Նոր դարն» էր, որ անդրադարձավ Րաֆֆու այս ստեղծագործությանը 1891 թվականի 81-րդ համարում՝ տպագրելով Վարսամի (Մանուկ Աբեղյանի) մեծածավալ հոդվածը։

Րաֆֆու այս վեպի հրատարակության պատմությունը սկսվում է 1890 թվականից։ Հետաքրքիրն այն է, որ նոր հիմնադրված «Տարազ» ամսագրի հրատարակման վերաբերյալ «Աղբյուրում» եղած ծանուցման մեջ ասված է, որ «Տարազի» նպատակն է զարկ տալ գեղարվեստի զարգացմանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում դնել «կանանց խնդիրը» (1889 թ., № 12)։ Եվ ահա «Տարազի» առաջին համարը բացվում է Րաֆֆու այս անտիպ աշխատությունով։ Այնուհետև նույն հանդեսի 1890 թվականի 1-4, 6-8, 11 և 12-րդ համարներում հաջորդաբար տպագրվում է Րաֆֆու այս վեպը։ «Մինն այսպես, մյուսն այնպես» վեպը Րաֆֆու առաջին ստեղծագործությունն է, որ տպագրվել է պատկերներով։ Նկարազարդումը կատարել է նկարիչ Պողոս Տեր-Ասատուրյանը (1866-1916)։ Նույն թվականին Թիֆլիսում Աննա Րաֆֆու հրատարակությամբ այս վեպը տպագրվում է նաև առանձին գրքով։ Տիտղոսաթերթի վրա հրատարակիչը հայտնում է, որ վեպը արտատպված է «Տարազ» հանդեսից։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ