Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/639

Այս էջը հաստատված է

Վեպը ոչ թե արտատպված է, այլ ուղղակի օգտագործված է «Տարազում» հրատարակված տեքստի շարվածքը, որը էջատված է ավելի փոքր չափերի և տպագրված առանձին գրքով։ Բացի դրանից, գրքին են հարմարեցրել և տպագրել նաև «Տարազի» համար (նրա չափերով) պատրաստված այդ վեպի կլիշեները, որի պատճառով էլ նկարների տեղադրման մեջ նկատվում է տեխնիկական անհարթություն։

1930 թվականին Րաֆֆու այս վեպը երկրորդ անգամ առանձին գրքով տպագրվել է Վիեննայում, որպես Րաֆֆու երկերի ժողովածվի ԺԲ հատոր։ Այնուհետև 1950 թվականին «Մինն այսպես, մյուսն այնպես»-ը աննշան կրճատումներով տպագրվում է Րաֆֆու երկերի եռհատորյա ժողովածվի երկրորդ հատորում։ 1955 թվականին նորից է տպագրվում այս վեպը, Րաֆֆու երկերի տասհատորյակի երկրորդ հատորում։

Վեպի 1960 թվականի հրատարակության վերջում փակագծի մեջ հայտնված է, որ այս աշխատությունը անավարտ է։ Րաֆֆու, ինչպես նաև առաջին տպագրության հրատարակչի կողմից վեպը անավարտ լինելու մասին նման ցուցում մեզ հայտնի չէ, սակայն բովանդակությունից դժվար չէ կռահել, որ այն չի ավարտված։

Սույն վեպը տպագրության նախապատրաստելիս կազմողները հիմք են ընդունել 1890 թվականին Թիֆլիսամ Աննա Րաֆֆու կողմից ձեռագրի հիման վրա հրատարակած տեքստը, մասնակի դեպքերում օգտվելով նաև 1930 թվականի հրատարակությունից։

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

«Խաչագողի հիշատակարանը» վեպի հանդես գալը նոր երևույթ էր մեր գրական ասպարեզում։ Րաֆֆին իրավմամբ հանդիսացել է և մնում է այդ ժանրի առաջին նախաձեռնողն ու հիմնադիրը մեր գրականության մեջ։ «Մեզնից առաջ դեռ ոչ մի վիպասան,— գրում է նա «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» հոդվածում,— ուշադրություն չէր դարձրել հասարակական կազմության մի բոլորովին նեխած, ապականված մասի վրա, որը գործում էր մթին խորշերում։ Մենք երևան հանեցինք այդ անծանոթ հասարակությանը, երբ գրեցինք «Խաչագողի հիշատակարանը»»։

«Խաչագողի հիշատակարանը» Րաֆֆու այն ստեղծագործություններից է, որի գրության շարժառիթների մասին մեզ համեմատաբար սակավ տեղեկություններ են հասել։ Խաչագողների կյանքին ստեղծագործական վերաբերմունք ցույց տալու մտորումներ Րաֆֆին ունենում է դեռևս երիտասարդ հասակում։ Նամակներից մեկում նա խոստովանում է, որ այս աշխատությունը «...երկար ժամանակյա մտածությանց արդյունք է» (տե՛ս, Րաֆֆի «Երկերի ժողովածու» հտ․ 10, Երևան, 1959 թ., էջ 547)։ Դեռևս 1899 թվականին գրած «Սալբի» վեպում նա հատուկ գլուխ է նվիրում այս թեմային։ Հենց այստեղ էլ Րաֆֆին Ռես Վասակյանի կերպարի միջոցով շոշափում է խաչագողների կյանքի վերաբերյալ մի շարք էական հարցեր։ Չբավարարվելով դրանով, նա հետագայում նորից է անդրադառնում այդ թեմային, այս անգամ արդեն բարձրացնելով հասարակական-քաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր։ «Ես վաղուց դիտավորություն ունեի գրել մի բան խաչագողների կյանքից»,— հայտնում է նա «Խաչագողի հիշատակարանը» վեպի «Ի՞նչ է խաչագողը» ներածական մասում։ Իր մտադրությունը իրականացնելուց առաջ