Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Այս էջը հաստատված է

սաստկացավ։ Մյուս օրիորդները մեջ մտան պարզելու, թե ո՛վ է ուղիղը և ո՛րի կողմն է իրավունքը։ Քննության դիվան բաց եղավ նրանց խմբի մեջ։

Բայց մինչ նրանք վիճում էին, երկու օրիորդ, բաժանված այդ խմբից, հեռու մի անկյունում նստած, միմյանց հետ քչփչում էին մյուսներին անլսելի ձայնով։ Դրանցից մինը մի բարձրահասակ օրիորդ էր, սև ու փայլուն աչքերով և ախորժելի դեմքով։ Նա կոչվում էր Անիշկա։ Մյուսը մի նրբակազմ օրիորդ էր, քնքուշ դեմքով. դա կոչվում էր Լիզա։

— Դուք սիրում եք նրան, Անիչկա, մի' խաբեք ինձ,— ասաց նրբակազմ օրիորդը։

— Ո՛չ... նա այնպես երբեմն գալիս է մեր տուն, եղբորս հետ շատ ծանոթ է, և ինքն ուսումնական տղամարդ լինելով, ես հարգում եմ նրան,— պատասխանեց Անիչկան։

— Դուք ուղիղը չեք խոստովանում ինձ,— խոսեց Լիզան,— ես ձեզանից ծածուկ ոչինչ չունիմ, բայց դուք ինձ մոտ սրտաբաց չեք։

— Ես կխնդրեի, որ այդ մասին ինձնից ոչինչ չհարցնեք։

— Դուք վշտացնում եք ինձ, Անիչկա։

— Ես խնդրում եմ հանգիստ թողնել ինձ։ Մինչ Լիզան կամենում էր մի երկրորդ հարց տալ, նրանց խոսակցությունն ընդհատեց օրիորդ Սոֆին։

— Միմյանց ի՞նչ եք խոստովանվում այս անկյունում,— հարցրեց նա։ — Ոչինչ, խոսում ենք է՜լի,— պատասխանեցին նրանք։

Օրիորդ Սոֆին կանգնեց և սկսավ մի քանի նկատողություններ անել ֆրանտ երիտասարդների մասին. մինին գովասանեց, մյուսի վրա ծիծաղեց. նրա քիթը ծուռն է, մյուսի գլխի մազերը խոզի մազի են նմանում, այն մյուսը թեև սիրուն է, բայց շատ հպարտ է, այն մինի դեմքն ախորժելի է, բայց աչքերը խիստ փոքր են, և այլ այդպիսի կատակներով խոսում էր նա և անընդհատ ծիծաղում։

— Անվայել է այդպիսի նկատողություններ անել յուր հյուրերի վրա,— նկատեց Անիչկան։

— Ինչ անտանելի է, երբ մարդիկ գեղեցիկ չեն,— ասաց օրիորդ Սոֆին և հեռացավ գնաց Մայիլովի մոտ։

— Նա խելքից ելած է այդ գիմնազիստի համար,— ասաց Անիչկան օրիորդ Սոֆիի գնալուց հետո։

— Մի՞թե,— զարմանալով հարցրեց Լիզան,— չէ՞ որ նա դեռ երեխա է: