Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Այս էջը հաստատված է

Մի քանի ժամ տևեց նրանց լոտոն, կես ժամ էլ տևեց հաշիվը, մինչև լոբիով որոշեցին, թե ով ո՛րքան տարած է կամ ո՛վ որքան տանուլ էր տված։ Տանողը առավ, տանուլ տվողը տվավ, խաղը վերջացավ։

Գիշերային խնջույքի վերջաբանն եղավ զանազան քաղցրավենից, տեսակ-տեսակ մուրաբեք, որոնք ճաշակելուց հետո մի փոքր ևս խոսեցին, մի փոքր ևս քչփչացին,, կեսգիշերից արդեն երկու ժամ անցած էր, երբ հյուրերը շնորհակալություն անելով սկսվեցին հեռանալ Հացի-Գելենց տանից, իսկ ոմանք գիշերեցին այնտեղ։

Այդ միևնույն ժամանակ Ճանճուր Իվանիչը յուր աղքատիկ քեֆը վերջացնելով Սիմոն Յագորիչին հետ, վաղուց քնած էր պանդոկի կեղտոտ և խոնավ սեյակում։ Թեև լվերը և մլուկները չարաչար ծակոտում էին նրանց մարմինը և ծծում նրանց արյունը, բայց նրանք խորին քնի մեջ մրափում էին և ամեն մինը մի սարսափելի երազ էր տեսնում։ Սիմոն Յագորիչի երևում էր, իբր թե ինժենհր Կուզմինը քննելով նրա շինություները, պակասություններ էր գտել և հրամայում է քանդել։ Իսկ Ճանճուր Իվանիչին երևում էր տիկին Բարբարեն, որ ներս գալով նրա սենյակը՝ պահանջում է Սոֆիի առաջարկությունները։

ԺԶ

Հասավ հուլիս ամիսը։

Տոթը գնալով ավելի սաստկանում էր․ փոշին մարդ էր խեղդում և եղանակը օրեցօր անտանելի էր դառնում։ Բոլոր երևելի գերդաստաններրը գնացել էին ամառանոց, և քաղաքում մնացել էին միայն այնպիսի մարդիկ, որոնք չեն կարող բաժանվել կյանքի հոգսերից։

Մայիլովը նույնպես չեր երևում Հացի-Գելենց տանը, նա մի շաբաթ առաջ, մնաք բարով ասելով օրիորդ Սոֆիին, գնացել էր Կոջոր։ Բայց մեր հերոսուհին օր ու գիշեր հեծում էր տխրությունից՝ յուր սիրո առարկան մոտը չլինելու համար, մինչև մի օր փոքր-ինչ ուրախացավ, երբ նրանից ստացավ մի այսպիսի նամակ․

«Իմ հոգու հատոր, սիրելի իմ Սոֆի