Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

—Հրաշալի փոփոխություն...,— բացականչեց օրիորդը։

—Ա՜խ, սե՛ր, սե՜ր, ինչպիսի աստվածային զորություն է թաքուցած քո մեջ.․.։ Նա բաց է արել մունջ լեզուն, նա վառել է նրա սրտում երկնային կրակ, նա շնչել է նրա հոգում այսպիսի քնքուշ զգացմունքներ... և սառնարյուն սքոլական համբակը՝ ոգևորված այսպիսի նամակ է գրել...։

Նա երկրորդ և երրորդ անգամ կարդաց նամակը, սեղմեց նրան քուր կրծքին և հիացմամբ սկսավ զմայլիլ իր սիրո առարկայի վրա։

Հանկարծ դրսում լսելի եղավ ճանապարհորդական սայլակի զանգուլակների ձայն, և քանի մի րոպեից հետո ծառան հայտնեց, թե աղան եկավ Կավկայից։

Հոր գալուստն առավել ես ուրախացրեց օրիորդ Սոֆիին, որովհետև նա մտածում էր, թե այնուհետև անարգել կարող են ամառանոց գնալ։

Օրիորդն ուրախությունից դուրս վազեց և գտավ յուր հորը դահլիճում բոլորովին արևից այրված ու փոշուց սևացած, օրիորդը քնքշությամբ գրկեց նրան և համբուրեց նրա ձեռքը, հայրն էլ համբուրեց նրա երեսը։ Շուտով շրջապատաեցին նրան տիկին Բարբարեն, նրա մյուս աղջկերքը՝ Լիզան և Ելենան, սկսան փաթաթվել նրա վզով։ Ճանճուր Իվանիչը խիստ ուրախությամբ ընդունեց յուր զավակների գգվանքը, և նրա դեմքը թեև արևի կիզող ճառագայթներից այլայլված, բայց արտահայտում էր գոհունակություն, որով երևում էր, թե նրա գործերը հաջողել են Կավկայում։ Նա հանվեցավ, ծաոաները ջուր բերին լվացվելու:

Կեսօր էր, Ճանճուր Իվանիչը լվացվեցավ, ճանապարհի փոշին թոթափեց յուր փափախից, կաբայից և արխալուղից, ճաշեց և պատրաստվեցավ շուկա գնալ նույն հագուստով։

Տիկին Բարբարեն խնդրեց, որ այդ օր փողոց չգնա, այլ մնա տանը հանգստանա, երեկոյան պահուն բաղնիք գնա, այնուհետև մյուս օրը դուրս գա փողոց, բայց Ճանճուր Իվանիչը չհոժարեցավ— իմ հանգստությունը իմ գործերս են, ասելով՝ տանից դուրս գնաց, թեև վրայից սարսափելի անախորժ թթվահոտ էր բուրում։ ճանճուր Իվանիչի գնալուց հետո տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին մնացին միայնակ միասին։

—Տեսնո՞ւմ ես, մայրիկ, այսօր արևը տոթային է,— ասաց օրիորդ Սոֆին։