Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/93

Այս էջը հաստատված է

սկսավ դիմել դեպի Միջի-փողոց։ Այնտեղ ևս զանազան մարդկանց գլուխ տալով, ամեն մինի հետ մի քանի րոպե խոսելով, անցավ բազազխանա։

Բայց ուշադրության արժանի է այն, որ երբ մարդիկ նրանից հարցնում էին, թե ի՞նչպես անցան յուր Կավկայի կապալները, շահավե՞տ էին թե ոչ, Ճանճուր Իվանիչը ցույց էր տայիս անչափ դժգոհություն, ասելով, թե նա պիտի բավական վնաս ունենա Կավկայում, թեև այն տարի նրա Կավկայի կապալները խիստ շահավետ եղան, բայց Ճանճուր Իվանիչր վնաս ցույց տալու մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքական խորամանկությունը, այն է, որ մյուսներն այնտեղի կապալները վնասակար համարելով՝ չմտնեն այնտեղ։

Ման գալով բոլոր շուկան, ճանճուր Իվանիչ մինչև անգամ գնաց Շիրաչխանեն, իմացավ, թե քանիսով է ծախվում գինին, գնաց Շեյթան փողոցը, այնտեղ իմացավ, թե քանիսով է ծախվում ալյուրը, ի՛նչպես է ծախվում գարին, այնտեղ իմացավ նաև հնդկահավի, ձվի ու ցոցխալի մազանդան, թեև այդպիսի բաներին նա փող տվողը չէր, բայց մտնելով դասաբխանա, գնեց խորովածի համար կես չարեք չալաղաջի և բերավ տուն։

Երեկոյան զանգակները զարկում էին։

Տանը նա պատրաստ գտավ թեյը։

Նա չգնաց յուր սենյակը, ինչպես սովորություն ուներ առաջ, այլ ուղղակի մտավ սեղանատուն, ուր նրա գերդաստանը նույն ժամուն հավաքված էին թեյի սեղանի շուրջը։ Քիտեսը չմոռանալով յուր աղայի հին պատվերը, դրեց նրա քուրսին, ճանճուր Իվա նիչը նստեց նրա վրա։

Նա սկսավ խոսել ու ծիծաղել յուր երեխաների հետ, նրանք նույնպես ուրախ էին իրենց հոր գալստյան համար։ Բայց օրիորդ Սսֆիի դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն, նա նույն րոպեին մտածում էր ամառանոցի մասին։

Հանկարծ հայտնվեցավ Սամիլ Պետրովիչը։

Անհասկանալի է, թե չարանախանձ բամբասողը ո՞րտեղից էր առել ճանճուր Իվանիչի գալստյան լուրը, ստերի մի պարկ թևի տակին և զինավորված մի քանի նոր բամբասանքներով, նա մտավ Հացի-Գելենց տուն՝ երեկոյան թեյն այնտեղ խմելու, իսկ եթե աստված հաջողի, նաև ընթրիքին մնալու։

-Բարով, բարով,Ճանճուր Իվանիչ, ասաց նա ուրախ դեմքով և մոտենալով՝ առավ նրա ձեռքը։