Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Այս էջը հաստատված է

քննելուց հետո նա իջավ ներքին հարկի հետնակողմյան բակը, որ առաջ թոնրատունն էր, նայելու հավերին։ Նա զարմացավ, հրբ տեսավ, որ փոքրիկ դռան տեղ մի ահագին երկփեղկանի դուռ բացվում էր դեպի շուկան, նախկին թոնրատան փոխարեն շինված էր մի նոր ծածկ, որի ներքև կանգնած էր մի փառավոր կառք և նրան կից՝ ախոռ, մեջը կանգնած մի զույգ սպիտակ, կապույտ պիսակներով, անգլիական ազնիվ ձիեր։

Նա առաջ այնպես կարծեց, թե կարելի է կառքը պատկանում է ներքևի կեցողներին, բայց հետո մտածելով, որ նրանք այնպիսի մարդիկ չեն, որ կարողանային կառք ունենալ, այդ պատճառով չհավատաց յուր կարծիքին։ Եվ զարմանալով առաջ գնաց՝ ստուգելու այդ նոր երևույթը։

Մանկահասակ կազանեցի թաթար կառավարը՝ շեկ մազերով, կարմիր շապիկով և կարմիր վարտիքով, կապույտ աչքերով, տեսնելով նրան, գլխարկն առավ և խոնարհությամբ գլուխ տվավ նրան: Ճանճուր Իվանիչր հարցրեց, թե ո՞ւմն է պատկանում կառքը։

— Կառքը պատկանում է ձեր բարեծննդությանը, տեր իմ,— պատասխանեց թաթարը։

Ճանճուր Իվանիչր զարհուրանքից փետացավ։

— Ի՞նչպես թե դրանք ինձ են պատկանում,— հարցրեց նա կատաղած կերպով։

— Այո՛, տեր իմ,— պատասխանեց թաթարը,— ձեզ են պատկանում։

— Աստված իմ,— բացականչեց Ճանճուր Իվանիչր և դուրս եկավ ախոռատնից։

— Կհրամայե՞ք լծել կառքը,— հարցրեց թաթարը՝ կարծելով, թե յուր տերը եկել է կառքն ու ձիաները փորձելու։

Բայց Ճանճուր Իվանիչր ոչինչ չպատասխանեց, այլ արջի նման մրթմրթալով գնաց վերև։

Նա մտավ յուր սենյակը։ Նա բոլորովին կատաղած էր և չգիտեր, թե ի՛նչ անե։ Նա առաջ վճռեց կնոջը կանչել յուր մոտ և աշխարհի բոլոր անեծքներն ու հայհոյանքը թափել նրա գլխին կառքը գնելու համար։ Բայց մտածեց, թե այդ չէ կարելի։ Հետո յուր մտքում վճռեց յուր դստերը՝ օրիորդ Սոֆիին կանչել և րստ կարգին հանդիմանել նրան, իբրև այդ բոլոր չարիքների սկզբնապատճառի։ Մտածեց, որ այդ նույնպես «չի կարելի»։ Հուսահատությունը խեղդում էր նրան։ «Ես դրանց հետ (կնոջ և դստեր) չեմ կարող կյանք վարել այսուհետև»,— ասաց նա յուր մտքում։ «Լավն այն է,