Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Այս էջը հաստատված է

չէ, նրա ժամանակը իրան չէ պատկանում։ Վալին ժամանակ նշանակեց, որ տասն օրից ավել չուշանամ։

— Ես կգրեմ վալիին, որ ինքս ուշացրի ձեզ. դուք խո իմանում եք, թե նա որքան պատվում է իմ խոսքը։

— Այդ ես իմանում եմ, վալին ձեզ իր երկու աչքերի հետ չի փոխի․ ձեր խոսքը նրա մոտ մարգարիտի գին ունի։ Նա ամենի մոտ ասում է, թե սուլթանը Ֆաթթահ-բեկի նման քաջ և հավատարիմ ցեղապետ չունի, և այդ պատճառով առաջարկել է ձեզ համար մաջիդիեի առաջին կարգի շքանշանը։

Բեկը արհամարհական ժպիտ գործեց իր այրական դեմքի վրա և պատասխանեց.

— Ես այդ շքանշան ասած բաները չեմ սիրում, կնիկների զարդարանք են, և ավելի ոչինչ։

— Ապա ի՞նչ եք սիրում։

— Ես սիրում եմ մաջիդիաներ[1]:

— Այդ էլ կլինի, բեկ, վալին մեծ շնորհ ունի ձեզ վրա։ Տեսա՞ք, նա նշանակել տվեց ձեզ համար ռոճիկ, որ այժմ ստանում եք արքունի գանձից, որպես սահմանապահ և այս կողմերում խաղաղություն պահպանող։ Նա ընդունեց ձեր խնդիրքը, որով ցանկանում էիք, որ այս կողմերում ոչ մի մուդիր և գայմագամ չլինի, այլ բոլոր վարչությունները հանձնվին ձեր կառավարությանը։ Վերջապես ինչ որ պահանջել եք, կատարել է նա, և մի անգամ ևս ձեր խոսքը գետին չէ ձգել։

— Ես շնորհակալ եմ վալիից։

Այդ խոսակցության միջոցին բեկի ծառաները վրանի շուրջը պատած, և գետնի վրա նստոտած, զվարճանում էին բոլորովին այլ տեսակ խոսակցություններով։ Յուրաքանչյուրը պատմում էր իր կատարած քաջագործությունները, թե քանի մարդ է սպանել, որքան ավազակություններ է արել և որքան կնիկներ է փախցրել և այլն։

— Օսմանը իր գլխի մազերի համբարքով ոչխար է գողացել,— ասում էր Օմարը։

— Իսկ դու, Օմար, շատ բարի պտուղ չես,-պատասխանում էր նրան Օսմանը,— ես որքան ոչխարներ եմ գողացել, դու այնքան հայի աղջիկներ ես փախցրել։

  1. Մաջիդիա և՛ շքանշանի, և՛ դրամի անուն է։"