Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Այս էջը հաստատված է

Բ

Անցավ մի ամբողջ շաբաթ։ Մի տղամարդ գալիս էր Վանից դեպի Աղբակ բերող ճանապարհով։ Դուրս գալով Խոշաբի ձորից, նա արդեն հասել էր Չուխայ Գագիկ կոչված լեռնային անցքը։ Տղամարդը մենակ էր։ Նա գալիս էր ոտով, և այնքան արագընթաց, կարծես, մի բան շտապեցնում էր նրան։

Դա մի երիտասարդ էր, որի տարիքը դեռ նոր էին մոտենում երեսունի։ Դեմքը գորշ-դեղնագույն էր, լերկ և բոլորովին անմազ այտերը ցամաք էին, իսկ ծնոտքը զգալի կերպով դուրս էին ցցված։ Բարակ և նույնպես գորշագույն շրթունքի միջից շատ անգամ երևում էին ձյունի պես սպիտակ ատամները, այսպիսի ատամներ ունենում են միայն նեգրերը։ Գլուխը պատած էր սև գանգրավոր մազերով, որ թափվում էին արևից այրված մերկ պարանոցի վրա։ Ճակատի վրա երևում էր մի խոր սպի, որ տալիս էր նրա վայրենի դեմքին մի ահավորություն։ Բայց չնայելով իր այլանդակությանը, այդ այրական դեմքը ուներ իր հատուկ գեղեցկությունը, որ արտահայտում էր կտրճություն, համարձակություն և կատաղի անգթություն։

Երիտասարդը բարձրահասակ էր, ցամաք և նիհար, բայց զարգացած ոսկորներով և ամուր մկանային կազմվածքով։ Նա հագնված էր քուրդի ձևով և գտնվում էր կատարյալ զինավառության մեջ: Ասիական հրացանը, կեռ թուրը, մի զույգ ատրճանակներ, թիկունքի վրա ձգած ահագին երկաթյա վահանը և երկայն նիզակը կազմում էին, կարծես, նրա մարմնի մի-մի անդամները։

Նա գնում էր, և երբեմն կանգ առնելով, լի մտախոհությամբ նայում էր իր շուրջը։ Լեռների կանաչազարդ պատկերները չէին, որ գրավում էին նրան. նա գեղասեր ճաշակ և բնության հրապուրանքը զգալու ընդունակություն չուներ։ Բայց նա զարմանում էր, տեսնելով, որ իր ծանոթ լեռները բոլորովին դատարկ էին։ Տասն