Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Այս էջը հաստատված է

կնիկները սիրում են տղամարդի մեջ տեսնել մեծություն. գերազանցություն և զորության անհամեմատ առավելություն։ Նրանք հիանում են, երբ տղամարդի մեջ նկատում են մի հատկություն, որ բարձր էր կանացի ուժից։ Վարդանը պաշտելի դարձավ Լալային, երբ իր զորության ներքո ճնշեց, ոչնչացրեց հպարտ կապալառուին, որին Լալան բոլոր սրտով ատում էր։ Լալային շատ անգամ պատահել էր համբերել այդ անամոթի լրբություններին, և ամեն անգամ, երբ նա իր հոր տունն էր գալիս, նա միշտ աշխատում էր փախչել և թաքնվել նրանից, բայց հայրը դարձյալ կանչել էր տալիս նրան, որ էֆենդու համար չիբուխ պատրաստե, որովհետև նրա ձեռքով պատրաստված չիբուխը համով էր լինում...

Լալան օդայի մեջ տեսած և լսած բոլոր բաները պատմեց իր երեց եղբորը՝ Հայրապետին, թե որպես վարվեցավ Վարդանը էֆենդու հետ։

— Շա՛տ լավ է արել,— պատասխանեց Հայրապետը,— պետք է սատկացներ այն գարշելիին, սովորե՜լ է խեղճ գյուղացիներին տանջել, կարծում է, թե ամեն մարդ նրանց նման կլինի։

Լալան պատրաստվում էր իր եղբոր պարանոցին փաթաթվել և նրա առջև բաց անել իր սիրտը, բոլորը պատմել նրան, թե ինքը սիրում է, վաղուց սիրում էր Վարդանին, և խնդրել, որ նա այդ մասին խոսե իր հոր հետ։ Բայց Հայրապետը շուտով տանից դուրս գնաց, կարծես մի շատ հարկավոր գործ դրսում սպասում էր նրան։

Նրա կինը՝ Սառան այսօր պետք է տեսություն ունենար Ֆաթթահ-բեկի կնոջ՝ Խուրշիդի հետ։ Վաղ առավոտյան հայտնվեցավ Զավոն և ասաց, թե իր տիկինը ուխտագնացության պատրվակով պիտի գա Օ․.. գյուղին մերձավոր հին մատուռի մեջ մատաղ կտրելու, որովհետև նրա փոքրիկ որդին հազում էր, և նշանակել է այնտեղ տեսություն Սառայի հետ։ Այդ մատուռը հավասար կերպով պաշտվում էր թե՛ քրդերից և թե հայերից։ Սառան շատ ուրախացավ, երբ տեսավ, որ Խուրշիդը կատարել է նրա ցանկությունը, որովհետև նա ինքը առաջուց Ջավոյի միջոցով խնդրել էր այդ տեսության մասին։

Բաժանվելով Լալայից Հայրապետը շտապում էր գնալ, տեսնել, թե ի՞նչ եղավ տեսության հետևանքը։ Նա դուրս եկավ գյուղից, և կես ճանապարհի վրա նստած, մի ահագին ժայռի հովանու ներքև անհամբերությամբ սպասում էր Սառային, որ մատուռից պիտի վերադառնար նույն ճանապարհով։