Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

տանում էր իր գրկում մի փոքրիկ երեխա. արյունը նրա ճակատից թափվում էր երեսի վրա, և այնտեղից կաթկաթում էր երեխայի գլխին: Նրա կողքին գնում էր կինը և ձեռքից բռնած տանում էր մի փոքրիկ աղջիկ։ Ամուսինները երկուքն էլ ուժաթափված հազիվ կարողանում էին ընթանալ:

Խավարը կրկին տիրեց շրջակայքը։ Ձայները կրկին լսելի եղան.

— Ա՜խ, ինչպես կոտորում էին...

— Ա՜խ ինչպես այրեցին...

— Ոչինչ չթողեցին...

— Հիմա ո՜ւր գնանք... աստվա՛ծ...

— Մայրիկ, ես հաց եմ ուզում...

— Մի՛ լար, հիմա...

— Մայրի՜կ...

Ձայները լռեցին։

Շատ անգամ, շատ մարդկանց վրա, մի թշվառ երևույթ, որ պետք է հարուցաներ տխուր զգացմունքներ- ընդհակառակն զզվանք է պատճառում, զարթեցնում է խիստ դառն ատելություն: Նույն տպավորությունը ունեցավ մեր ճանապարհորդի վրա իր տեսածը։— Մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները, մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի մեջ, և կրակից ազատվածը իր բնակարանի մոտ ընկնում էր բարբարոսի սրից,— մյուս կողմից, նա լսում էր մի արյունաթաթախ հոր և կիսաշունչ մոր ցավալի խոսակցությունը, լսում էր զավակի լացը և մրմունջը, տեսնում էր անբախտացած ընտանիքի հուսահատական փախուստը, և ինքը մի դիվական սառնասրրտությամբ բլուրի բարձրությունից նայում էր, և կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խոսքերը. «Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար... նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում...»:

Դա ատելության ամենասարսափելի ձայնն է, որ բխում է սիրելուց, դա եղբոր ատելություն է, որ ծագում է եղբորը ուղղելու զգացմունքից, թե ինչո՞ւ նա պատրաստ չէ կյանքի և գոյության համար մրցելու:

Այս տեսակ ատելությունից աոաջ է գալիս այն ազնիվ բարկությունը, որով մարդ ծայրահեղության է հասնում, և նա մի խիստ պատգամախոսի նման որոշում է մի ժողովրդի վիճակի սահմանը, երկու հակառակ կետերի վրա դնելով նրան,— կամ մահ և կամ կյանք: «Ով չէ հասկացել, կամ չէ ուզում հասկանալ ապրելու պայմանները,