Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/190

Այս էջը հաստատված է

որպես քանի րոպե առաջ բացատրեցի, այնքան բնական է, որ հատուկ է,որ մինչև անգամ բույսերին, անասուններին և վայրենի մարդիկներին։ Մի՞թե հայը անասուններից էլ ստոր է, մի՞թե նա այն աստիճան մեռած է, որ քարի և փայտի նման ոչինչ զգացմունք չունի...

ԻԱ

Ծերունի Խաչոն իր որդիների հետ հեռանալուց հետո, Վարդանը և պարոն Դուդուկջյանը մնացին օդայի մեջ մենակ։

— Իրավ որ հողը պատրաստ չէ․․․— նկատեց Վարդանը, նայելով պոլսեցու բոլորովին դեղնած և տխրամած դեմքի վրա։

— Ո՞վ է մեղավոր, — հարցրեց պարոն Դուդուկջյանը և նույն րոպեում կարծես, նրա սրտի մի մասը խորտակվեցավ ներքին վըրդովմունքից։— Ծերունին շատ խելոք է, և ավելի խելոք, քան թե մեզ նման հիմար թուղթ մրոտողները։ Նա բավական ճիշտ նկատեց, թե մեր՝ պոլսեցիներիս գործն էր վաղօրոք պատրաստել ժողովուրդը։ Բայց ի՞նչ արեցինք մենք։ Ոչինչ... Մենք ամենևին նախապատրաստության հոգ չտարանք, որովհետև մեզ չէր հետաքրքրում իրական Հայաստանը իր սարսափելի թշվառություններովը։ Մենք շլացած էինք պատմական Հայաստանի անցյալ փառքովը միայն։ Մենք այժմյան Հայաստանը ամենևին չէինք ճանաչում, և ոչ մտածում էինք ճանաչել։ Մենք ճանաչում էինք նրան մի քանի հին պատմագիրներից, և երևակայում էինք, թե տիտանների այդ երկրում տակավին Տիգրաններ, Արամներ, Վահագներ, Վարդաններ և Ներսես Մեծեր են բնակվում։ Մենք երևակայում էինք նրա բազմամարդ քաղաքները, որոնց մեջ արհեստը և վաճառականությունը հայ մարդու ձեռքում ծաղկելով, շնորհում էին նրան երկրի նյութական հարստությունը։ Մենք երևակայում էինք նրա շեն գյուղերը, նրա մշակված դաշտերը, որ լցնում էին հայ երկրագործի շտեմարանները աստուծո բոլոր բարիքներով։ Մենք հավատացած էինք, թև երկրի ազգաբնակության մեծամասնությունը բաղկացած է հայերից, որ ապրում են իրանց հայրենի հողի վրա բախտավոր ու խաղաղ կյանքով։ Բայց չգիտեինք, թե ամբողջ հայաբնակ գավառներ դատարկվել են հայերից, կամ չքավորությունից սպառվելով և կամ բռնի մահմեդականություն ընդունելով։ Չգիտեինք, որ կենդանի