Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/192

Այս էջը հաստատված է

բարօրության համար մի փարա անգամ չէր ծախսվում։ Մի խոսքով մենք մեր ձեռքում բռնած ունեինք ազգի հառաջադիմության ղեկը, կարծես, մի չար մտքով նրան մոլորեցնելու և դեպի կորուստ տանելու համար...

— Ես,— առաջ տարավ նա,—իմ և իմ մի քանի համախոհների դիտավորությունը, կատարյալ դոնքիշոտություն եմ համարում։ Ին՞չ կարելի է սպասել։ Ամբողջ ժամանակներ նստել Պոլսում բոլորովին անգործ, չհետազոտել Հայաստանի կյանքը, չուսումնասիրել երկիրը, չծանոթանալ ժողովրդի պետքերի և պահանջների հետ, չնախապատրաստել նրան մի լավ ապագայի համար, և հանկարծ հայտնվել նրա մեջ, նրա ձեռքը զենք տալ, որ կռվե իր անձնապաշտպանության համար, դա հազիվ թե կարող էր ընդունելություն գտնել։ Այսուամենայնիվ, ես չեմ վհատում, իմ հավատը բնավ չէ խախտվում, ես և գուցե իմ բոլոր համախոհներս կընկնենք, բայց մեր անկումը ճանապարհ կբացանե մեր հետևողների առջև. նրանք կանցնեն մեր դիակների վրայով...

Վերջին խոսքերը լսելու ժամանակ Վարդանը չկարողացավ զսպել իր սրտի զեղմունքը, նա գրկեց պարոն Դուդուկջյանին և համբուրեց նրան, ասելով.

— Այսպիսի գործը, այո՛, զոհ է պահանջում... փա՜ռք և պատիվ նրան, ով որ կլինի առաջին զոհը...

Գիշերի կեսից անցել էր արդեն։ Օդայի մեջ քնելու անկողինները վաղուց պատրաստ էին։ Բայց երկու երիտասարդները երկար մնացին անքուն։ Պարոն Դուդուկջյանը կրիտիկական անխնա քննադատությամբ խոսում էր Կ․ Պոլսի ցնորամիտ երիտասարդության վրա, խոսում էր եկեղեցականների վրա, ասելով. «Եթե այդ երկրում գտնված վանքերի և եկեղեցիների տասնից մեկ մասի փոխարեն օրինավոր դպրոցներ լինեին, այժմ Հայաստանը փրկված կլիներ»։

Հանկարծ օդայի դուռը մեղմիկ կերպով զարկեցին։ Վարդանը գնաց և բաց արեց։ Հայտնվեցան Հայրապետը և Ապոն, երկու եղբայրները, որ որոշվում էին ծերունի Խաշոյի և մյուս որիդներից իրանց բոլոր հատկություններով։

— Մենք այսպես տարաժամ կերպով եկանք ձեզ մոտ, որ չնկատեն մեզ, — ասաց Հայրապետը իր եղբոր հետ նստելով։ — Երևի անհանգստացրինք ձեզ։

— Ամենևին, — պատասխանեց Վարդանը, — մենք քնել չկարողացանք, դեռ խոսում էինք։ Երևի, ձեր տանը բոլորը քնած են։