Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/197

Այս էջը հաստատված է

սաստկացնել հայերի գաղթականությունը, և Հայաստանը դատարկելով հայերից, նրանց տեղը լցնել քրդերով և չերքեզներով:

— Այժմ տեսնո՞ւմ եք,— շարունակեց պարոն Դուդուկջյանը,— որ այդ բոլոր չարագործությունների մեջ մի ներքին կապ կա, մի գաղտնի և դժոխային նպատակ կա։ Ես ավելորդ եմ համարում խոսել մասնավոր երևույթների վրա և ցույց տալ, որ տեղական իշխանության պաշտոնյաները շատ անգամ աշխատել են արհեստական կերպով սով պատճառել հայաբնակ գավառներում, որպեսզի քրդերի և չերքեզների սրից ազատ մնացած հայերին կոտորեն քաղցածությունով։ Դա հրեշավոր մի սպանություն է, որին ընդունակ է անգութ, անողորմ թուրքը միայն։ Մաշել ժողովուրդը աղքատությունով, տնտեսապես սնանկացնել նրան, ղրկել ապրուստի բոլոր միջոցներից, ահա գլխավոր զենքերը, որոնցմով թուրքը աշխատում է այժմ ոչնչացնել հայ տարրը։ Նա գիտեր, որ ուրիշ զենքով դժվար է մահացնել մի Ժողովուրդ, որի զորությունը կայանում է իր աշխատասիրության և նյութական կարողության մեջ։ Զեյթունի հայերը վարուցանքի տեղ չունեն. նրանց ապրուստի և արդյունաբերության գլխավոր աղբյուրներն են երկաթի հանքերը, որ բովագործում են նրանք, պատրաստում են զանազան տեսակ գործիքներ, կամ այնպես անպատրաստ տանում են մերձավոր գավառները, և վաճառելով, փոխարենը գնում են ինչ որ իրանց պետք է։ Թուրքիան մի քանի անգամ փորձ փորձեց խլել զեյթունցիների ձեռքից այդ հանքերը, միայն քաջ լեռնաբնակների սաստիկ ընդդիմադրությունը կարողացավ փրկել իրանց ապրուստի գլխավոր հարստությունը։ Վանա հրդեհը այդ տեսակ մեքենայությունների մի ճշգրիտ օրինակ կարող է համարվել։ Հայերը այո քաղաքում բավական հարստացած էին. մի գիշերվա մեջ նրանց բոլոր խանութները կրակի մատնեցին։ Չնայելով հայերի անդադար բողոքներին, տեղական իշխանությունը մինչև անգամ քննություն սկսել չկամեցավ, որ հայտնվեն չարագործները։ Որովհետև ինքն իր վրա քննություն սկսել չէր ցանկանում...

— Մեզ մինչև այսօր զարմացնում էր այն միտքը, թե ի՞նչու Թուրքիան այնքան շողոքորթում է քրդերի և չերքեզների ցեցապետներին, շողոքորթում է նրանց հոգևոր գլուխներին կամ շեյխերին, որոնք իրանց անկարգություններով ոչ սակավ հոգսեր են պատճառում կառավարությանը։ Դրանք շատ անգամ հարկեր չեն վճարում, շատ անգամ ահագին խումբերով ասպատակում են այս և այն գավառները։ Մի՞թե, մտածում էինք մենք, եթե