Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Այս էջը հաստատված է

իշխանությունը ցանկանա, չէ կարող զսպել այղ ավազակներին։ Հիմա հասկանում ենք, որ Թուրքիային պետք է իր ձեռքում ունենալ այսպիսի գործիքներ։ Նպատակը՝ բացահայտ է...

Պարոն Դուդուկջյանը, կարծես, աշխատում էր այս գիշեր դուրս թափել բոլոր դառնությունները, որ ծանրացած էին նրա սրտի վրա։ Տառապյալ ժողովրդի ցավը, նրա անբախտ վիճակը, նրա տխուր ապագան, որ նկատվում էր նրա աչքի առջև իր սև գույներով, այդ բոլորը լցրել էին նրա հոգին մի արդար վրդովմունքով։

— Հանգամանքները, կյանքի պայմանները, — ասաց նա,— ստիպեցնում են մարդուն իր նմանների հետ վարվել այնպես, որպես վարվում են օտարները իր հետ—չարին չարով պատասխանել։ Ուրիշ հնար չկա։ Բոլոր արարածների մեջ մարդը միայն է, որ գազաններից ավելի անգութ և ավելի անիրավ կերպով է վարվում իր նմանների հետ։ Գազանը գոնե միանգամից մահացնում է և հանգստացնում է իր զոհին։ Բայց մարդը հաջորդաբար է վարվում։ Նա տանջում է — ճնշում է, բարոյապես և մտավորապես մաշում է, և իր զոհի կենսական բոլոր ուժերը սակավ առ սակավ սպառելով, այնպես է սպանում։ Դա մի սարսափելի սպանություն է: Այսպիսի սպանություն գործելու ընդունակ է մարդը միայն: Այսպիսի սպանություններ կատարվում են ոչ միայն մասնավոր անհատների վերաբերությամբ, այլ ամբողջ ազգերի վերաբերությամբ ևս։ Մի այսպիսի սպանություն սպառնում է մեզ։ Մի՞թե սույն նպատակով չեն վարվում մեզ հետ թուրքերը, քրդերը և չերքեզները։ Մի՞թե սույն պատճառներից չէ, որ այսօր Հայաստանը մեծ մասամբ դատարկվել է հայերից։

Պարոն Դուդուկջյանի երկար բացատրությունների միջոցին Վարդանը լսում էր խորին համակրությամբ։ Նա մի դառն, հեգնական ժպիտով պատասխանեց.

— Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է։ Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը։ Դարերի ընթացքում, համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն։ Նրան ջախջախելը շատ հեշտ չէ․ նա չափազանց տոկուն է... Հայր տարավ, հայը համբերեց ամենամեծ մոնղոլների բարբարոսություններին, որոնց համեմատությամբ Թուրքիայի այժմյան մոնղոլական