Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է

— ասում է նա,— կյանքի իրավունք չունի։ Այս պայմանները այնքան փոխվում են, որքան փոխվում են նրանց պահանջները . երբ հարկավոր է խելք բանեցնել, խելքին զոռ տալու է, իսկ երբ պետք է սուր, մարդ պիտի պատրաստ ունենա նրան իր ձեռքում։ Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա...»:

Բայց մեր ճանապարհորդի վրդովմունքը առաջ չէր գալիս այս տեսակ խորին քննություններից, նա կյանքի փիլիսոփայության հետ ծանոթ չէր։ Բացատրում էր մարդկային կյանքը, հիմնվելով բնության ամենապարզ երևույթների վրա։ Նա մտածում էր, երբ գառին վիճակվել է գայլի հետ միասին կենցաղավարել, ինքն էլ պետք է աշխատի գայլի ատամներ ունենալ, եթե չէ ցանկանում կատաղի գազանին կերակուր դառնալ։

Հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մեջ, որ ինքն ակամայից դարձել էր գայլ, գայլի բոլոր անգթությամբ։ Մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան, նա արտաքսվեցավ հայրենական տնակից, որպես անառակ որդի։ Իր համազգի հասարակության մեջ նույնպես նա ընդունելություն չգտավ, ամեն մարդ սկսեց խորշիլ Նրանից, որպես ժանտախտից։ Այնուհետև մնում էր նրան անձնատուր լինել դեպքերի բերմունքին, և նա դարձավ մի արկածախնդիր թափառական, իսկ վերջը՝ մի անգութ ավազակ, որ ուխտել էր պատմել մարդկանց, որովհետև մարդիկ պատմեցին նրան։

Որպես ավազակ նա դարձյալ մնաց միշտ ազնիվ։ նա չկորցրեց իր առյուծի վեհությունը, որ չէ սիրում հարձակվիլ տկար կամ վատուժ կենդանիների վրա, որ իր որսածի մեծ մասը թողնում է մանր գազաններին ուտելու համար...։

Ամբողջ տասը տարի հայրենիքից հեռացած այդ թշվառականը, կրկին վերադարձավ այնտեղ, երբ լսեց նրա վտանգը։ Նա չեկավ հայրենիքը փրկելու համար, որովհետև գիտեր, որ իր նման շատերը նրան փրկել չէին կարող, երբ ինքը իրան փրկելու ընդունակություն չուներ։ Նա եկավ փրկելու մի գեղեցիկ արարած, որին միայն սիրում էր, և որը միայն էր ամբողջ աշխարհի մեջ, որ սիրում էր այն մարդուն, որին բոլորը ատում էին։— Այդ էր նրա մխիթարությունը։ Բոլոր աշխարհի մեջ հանգստություն, դադար և իր գլուխը դնելու մի անկյուն չունեցավ անբախտը՝ ուներ մի կնոջ ջերմ սիրտ, ուր ապրում էր նա, շնչում էր և այնտեղ մոռանում էր