Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/200

Այս էջը հաստատված է

տեղափոխվեցավ Կ. Պոլիս։ Այստեղ ոչ ոք չէր ճանաչում նրան։ Նա իր զավակին հանձնեց ֆրերների միաբանությանը, իսկ ինքը անհետացավ։ Փոքրիկ Լևոնը մեծացավ կաթոլիկների մի կուսանոցի մեջ, և հետո 12 տարեկան հասակում տարվեցավ Իտալիա։ Իր սկզբնական ուսումը ստացավ նա կղերի ձեռքից։ Նա անցկացրեց մի քանի տարի Վենետիկի ս․ Ղազարի վանքում, և այստեղից հեռանալով մտավ Վիեննայի մխիթարյանների վանքը, բայց ոչ մի տեղ հիմնավոր գիտություն չսովորեցավ։ Վերջապես մի կնոջ սերը դուրս քաշեց նրան վանքային ապականված մթնոլորտից և ձգեց Փարիզի քաոսի մեջ։ Այստեղ նա սկզբում անց էր կացնում զվարճություններով լի դատարկ կյանք, անդադար անցկենալով մի կուսակցությունից դեպի մյուսը, և մտնելով զանազան ընկերությունների մեջ, միայն խոսելու, բայց ոչ գործ շինելու համար։ Իսկ երբ սպառվեցան սիրուհու փողերը, այնուհետև աղքատությունը ստիպեց նրան ձեռք զարկել լուրջ աշխատանքի, գրում էր լրագրական զանազան հոդվածներ արևելքի վերաբերությամբ և նրանով ապրում էր։ Բայց երբ հարուցվեցավ վերջին արևելյան հարցը, նա թողեց Փարիզը, թողեց իր սիրուհին և դիմեց դեպի Կ. Պոլիս։

ԻԲ

Պարոն Սալմանի Բագրևանդի գավառում հայտնվելուց դեռ մի ամիս առաջ, արզրումցի հաջի Միսաք անունով ջորեպանը բեռնավորեց իր քարվանը և ճանապարհ ընկավ դեպի Արզրում։ «Հաջի» մականունը ստացել էր նա այն պատճառով, որ երկու անգամ ս. Երուսաղեմ ուխտ էր գնացել, և եթե աստված արժանի կաներ, մի անգամ ևս գնալու նպատակ ուներ, որ խորհրդական թիվը լրանար։ Առհասարակ հաջի Միսաքը, բարի քրիստոնյա էր, և նրա ջերմեռանդությունը հասնում էր մինչև սնահավատության։

Ճանապարհների վրա բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում և բոլոր իջևաններում ճանաչում էին հաջի Միսաքին։ Քսան տարուց ավելի կլիներ, որ այդ մարդը իր ջորիներով պտտում էր Փոքր Ասիայի և Հայաստանի մեջ, ու ծանրություններ էր տեղափոխում։ Հաջի Միսաքը մի հաստ ու պինդ մարդ էր, միջակ հասակով և սաստիկ արագաշարժ։ Նրա դեմքի գծագրությունը անհնարին էր ճշտապես որոշել, որովհետև ամբողջապես ծածկված