Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Այս էջը հաստատված է

հաստատամտությունը։ Երեկոյան տուն դառնալով, նա ասաց Վարդանին.

— Ես այդ անպիտանների հետ միսիոնարի պես պիտի վարվեմ։ Միսիոնարը ինչ ժողովրդի մեջ որ մտնում է, նրա առաջին հակառակորդները լինում են կարդացողները և հոգևորականները։ Բայց միևնույն ժամանակ նրա առաջին հետևողները դառնում են նույն մարդիկը, որ սկզբում հակառակում էին։ Միսիոնարը հանձնում է նրանց զանազան գործեր, լավ ևս է ասել` ոչինչ գործ չէ հանձնում, միայն ռոճիկներ է տալիս։ Այսպիսով նոր աղանդը հալածող պողոսները դառնում են նրա ամենամոլեռանդ պաշտպանները։

— Այդ իրավ է, — պատասխանեց Վարդանը,— ի՞նչ ես ուզում անել։

— Պետք է գործնական լինել,— ասաց պարոն Սալմանը մի առանձին անձնավստահությամբ, — պետք է հասկանալ, թե ինչո՞վ են գրավվում մարդիկ։ Ինձ հետաքրքիր է գիտենալ, թե այդ հիմար տիրացուն որքան շահ ուներ իր աշակերտներից. ես կառաջարկեմ նրան կրկնապատիկը ստանալ ինձանից և իմ դպրոցներում մի պաշտոն վարել, այսինքն` ոչինչ գործ չկատարել։ Հավատացած եմ, որ այն առաջարկությունից հետո, առավոտյան ինքն կգա, բահը և բրիչը կվերառնի և իմ բանվորների հետ կսկսե աշխատել դպրոցների շենքը կառուցանելու համար։

— Ես էլ այսպես եմ կարծում, — պատասխանեց Վարդանը,— բայց տերտերի բերանին էլ պետք է մի փոքր յուղ քսել։

— Այդ էլ կանեմ։

Չնայելով այնօր պատահած անախորժություններին, պարոն Սալմանը սովորականից ավելի ուրախ էր։ Գործի սկզբնավորության անաջողությունները բորբոքել էին նրա եռանդը, իսկ ապագայի պայծառ հույսերը լցրել էին նրա սիրտը մի անսահման բերկրությամբ։

— Գիտե՞ս, Վարդան, որքա՛ն բախտավոր, որքա՛ն ընդարձակ ապագա է խոստանում մեզ դպրոցը։ Նա կտա մեզ բոլորը ինչ որ մենք ցանկանում ենք։ Նա, միայն նա կբուժե մեր դարևոր վերքերը և կպատրաստե նոր սերունդ մի առողջ և թարմ կյանքի համար: Մեր նախորդների դարևոր անգործությունը թողեց մեզ համար, իրավ է, շատ աշխատանք։ Նրանք կանխապես չհեշտացրին մեր այժմյան հոգսերը, բայց փույթ չէ: Տակավին կարելի է հույս ունենալ, որ ապագան մեզ է պատկանում։ Միայն հաստատուն և տոկուն աշխատանք պետք է: Իմ կարծիքով, բավական չէ միայն