Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/240

Այս էջը հաստատված է

Թուրք ծառայողները շատ շեն հետևում իրանց կրոնի պատվերներին, այս պատճառով արաղի գործածությունը նրանք մեջ բոլորովին սովորական էր դարձել։ Արգելված պտուղը քաղցր է լինում։ Մահմեդականը խմելու ժամանակ գազան է դառնում, արբեցությունը բերկրանքը նրա մեջ փոխվում է կատաղի մոլեգնության։ Եթե մի պատճառ կար համարել Մուհամմեդին մարգարեներից ամենամեծը, այդ էլ բավական է, որ նա արգելեց մուսուլմաններին խմել ոգելից ըմպելիներ։

Միևնույն ժամանակ օդայի մեջ խոսակցությունը ոչ սակավ հետաքրքիր էր։ Հիսնապետը բավական խմեց և ճաշից առաջ նրա էֆենդու հետ ունեցած պաշտոնական խոսակցությունը այժմ ավելի մտերմական, ավելի ընկերային ձև էր ստացել։

— Քանի՞ կնիկ ունես,— հարցրեց հիսնապետը։

Էֆենդին, մի անսովոր ժպիտ գործելով իր այլանդակ դեմքի վրա, պատասխանեց.

- «Էշից հարցրին քանի՞ կնիկ ունես, նա ցույց տվեց ամբողջ նախիրը»։

Երբ էֆենդին սկսում էր էշերի առածներով արտահայտել իր միտքը, դա արդեն նշան էր, որ նա գտնվում է իր սրտի ամենաուրախ տրամադրության մեջ։

— Բայց քրիստոնյաներին, կարծեմ, արգելված է մեկից ավելի ունենալ,— նկատեց հիսնապետը։

— Մահմեդականներին նույնպես արգելված է գինի և արաղ խմելը, իսկ դուք ինձանից ավել խմեցիք,— պատասխանեց էֆենդին, ուրախանալով իր հարմար պատասխանի վրա։

Այդ միջոցին Ներս մտավ ծեքունի Խաչոն, իր ձեռքով բերելով երկու տուփերի մեջ դարսած ռահաթլոխում և Զմյուռնիայի թուզ, և դրեց սեղանի վրա, ասելով.

— Ճաշից հետո լավ է լինում բերանը մի բանով քաղցրացնել։

Նա կրկին շտապով դուրս գնաց օդայից։

— Բավական բարի մարդ է երևում այդ ծերուկը,— խոսեց հիսնապետր նրա հեռանալուց հետո,— ես զարմանում եմ, թե ի՞նչպես է թողել դա իր տանը այնպիսի մարդերին, որպես ռուսաց լրտեսը, կամ որպես պոլսեցի խռովարարը։

—«Էշի ականջները երկար են լինում, բայց խելքը կարճ»— պատասխանեց էֆենդին իր հատուկ ոճով։-Եթե կան աշխարհումս հիմար մարդիկ, դրանք այդ «բարի» կոչվածներն են։ Այդ ծերուկը նույն տեսակներիցն է։