Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/309

Այս էջը հաստատված է

ստացած ընծաները։ Բայց երեց քույրը չբավականանալով Ջավոյի սրված բացատրություններից, կրկին հարցրուց։

— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ արձակեց քեզ։

— Ջավոն հետո կպատմի, դա շատ երկար է, այնքան երկար, որքան Լեյլիի և Մաջնունի հեքիաթը։- Հետո նա հայտնեց, թե ինքը խիստ հոգնած է, ամբողջ գիշերը ճանապարհ է եկել, անիծված անձրևը շատ տանջեց նրան, և այժմ սաստիկ քաղց է զգում, խնդրեց քրոջը որ իրան քիչ կաթ տա խմելու։ Քույրը շտապով առեց կովկիթը, վազեց փարախը, որ կովը կթե և քրոջ համար թարմ կաթ բերե։

Ջավոն այժմ միայն նկատեց, որ տանը հյուր կա և նրա կրակոտ աչքերը հանդիպեցան Վարդանի հետաքրքրությունով լցված աչքերին։

— Նազելի Ջավո, ղու Խուրշիդի աղախինն ես, այնպես չէ՞:

— Ուղիղ այդպես է։

— Ֆաթթահ-բեկի տիկնոջը։

— Հենց նրա։

Վարդանը այժմ գտավ խառնաշփոթ թելի ծայրը և դիտմամբ հարցրեց.

— Բեկը մի երկրորդ կին էլ ունե՞, այն հայ աղջկան։

— Կունենար, եթե Ջավոն սատանայի նման չգողանար նրան։

— Հայ աղջկա՞ն։

— Հայ աղջկան՝ Լալային, Ստեփանիկին, նա երկու անուն ունի։

Վարդանի սիրտը սկսեց ուրախությունից բաբախել։

— Ջավոն ո՞ւր տարավ գողացած աղջկան։

— Ջավոն տարավ իր տիկնոջ մոտ և տիկինը ծածուկ ուղարկեց նրանց ռուսաց երկիրը։

Վարդանի դեմքը պայծառացավ մի աննկարագրելի բերկրությամբ, և մոռանալով իրան, գրկեց Ջավոյին և չգիտեր ի՞նչ կերպով հայտնել իր անհուն շնորհակալությունը։

— Համբուրիր Ջավոյին, Ջավոն ազատեց նրան։

— Ջավոն իմ քույրս է,— ասաց Վարդանը և եղբայրաբար համբուրեց նրան։

Ներս մտավ երեց քույրը, բերելով փրփրադեզ կաթնի ամանը: Ջավոն առեց նրա ձեռքից և միանգամով մինչև կեսը խմեց։ Տաք կաթը կազդուրեց նրա հոգնությունը և քաղցը։