Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/333

Այս էջը հաստատված է

խնդրել։ Այդ միջոցին անցավ նրա մոտից մի ֆայտոն, նստողը, տեսնելով աբեղային հրամայեց կանգնել։

— Լա՜վ խաբար,— ասաց նա մոտենալով.— Երևանի նահանգապետը հաստատեց գաղթականներին օգնելու համար կազմված մասնաժողովը, անդամներ ընտրվեցան բավական հավատարիմ անձինք։ Թիֆլիսից նույնպես ուրախալի լուրեր ստացվեցան, այնտեղի մասնաժողովը եռանդով գործում է, խոստանում են շուտով փողեր և բժշկական դարմաններ ուղարկել։

— Ուրախալի է,— պատասխանեց աբեղան։— Այստեղ էլ մտածում ես հրամաններ գրել հոգևոր իշխանության գործակալներին նվիրատվություններ հավաքելու։

— Ո՞րտեղից պիտի գրեն։

Աբեղան ձեռքը պարզեց դեպի վանքը։ Երիտասարդը սկսեց ծիծաղել։

— Այդ ոչինչ նշանակություն չի կարող ունենալ,— պատասխանեց նա,— նրանց հավաքածը ալաշկերտցու փորը չի մտնի.․.

Եկվորը Մելիք-Մանսուրն էր։

— Դու ինձ ուրախացրիր բերած լուրովդ,— ասաց աբեղան.— ես էլ քեզ պիտի ուրախացնեմ։

— Ի՞նչով։

— Վարդանը այստեղ է։ Իմ սենյակում։

— Իրա՞վ, ո՞րտեղից դուրս եկավ այդ սատանան, ես չէի հավատում, որ մյուս աշխարհից մարդիկ կարող են վերադառնալ։ Գնանք։

Երկուսն էլ սկսեցին դիմել դեպի վանքը։ ճանապարհին Մելիք-Մանսուրը հարցրեց աբեղայից.

— Դու լավ ճանաչու՞մ ես Վարդանին։

— Հինգ տարուց ավել կլինի, որ ես նրա հետ ծանոթ եմ։ Մեր կողմերում նա հայտնի է որպես մի քաջ կանտրաբանտիստ։ Բայց երկար ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, որ նրա պարապմունքը շահասիրական նպատակ չունի։ Նա միայն զենքեր էր տեղափոխում և շատ անգամ ձրի բաժանում էր գյուղացիներին, և եթե պատահում էր երբեմն ապրանքներ բերել, այդ անում էր նա իր բուն վաճառքի հետքերը թաքցնելու համար։ Նպատակը շատ բարի էր, բայց տխուր հանգամանքները բոլորը ապարդյուն արեցին...

— Ես մի քանի անգամ միայն կարողացա տեսնել նրան,— պատասխանեց Մելիք-Մանսուրը,— բայց մինչև այսօր ոչ մի