Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/34

Այս էջը հաստատված է

տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին։ Տերը իր անասունի վրա նստած գերի էր գնում։ Քարավանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ. ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին, որպես մի խրտվիլ, որ վախենանք որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն...։

Սարհատը երկար նայել չկարողացավ, նրա գլուխը պտտվեցավ, և քարավանը անցավ։

Նրան այնպես էր թվում, որ աշխարհս փոխվել է, Նեռը հայտնվել է, և մարդը, աստուծո պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արյունը ծծում է, նրանց միսը ուտում է։ Նա շատ էր ցանկանում ինքն էլ նույն զսպաններից մեկը լինել, և դրա համար այրական սիրտ և բավական քաջություն ուներ. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի։

Հուսահատությունը շատ անգամ ակամա կերպով ձգում է մարդուն ծայրահեղ մտածությունների մեջ։ Սարհատը բնությամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել։ Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ և այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հավի նման մորթում են, տունը ավերակ են դարձնում, կայքը հափշտակում են, որդիրը գերի են տանում,- և այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանվելու։ Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու։ «Եթե կարիքը,- ասում էր նա,- մարդու վարպետ է անում, եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ է հնարում, գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար»։ Այսպես մտածելով, Սարհատը այն եզրակացության էր հասնում, թե այն ժողովուրդը ինքն էր մեղավոր, որ կյանքի պահանջները չէր հասկացել և չէր մտածում թե ինքը երկրի վրա է բնակվում, մարզիկների հետ գործ ունի և ոչ թե հրեշտակների հետ․․․

Սարհատը երկար էր թափառել երկրի վրա, շատ ազգեր և շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կյանքում ոչ մի լավ մարդու չէր հանդիպել, և այդ պատճառով նա մարդկանց վրա կազմել էր խիստ վատ գաղափար։ Բոլոր մարդերին նա ավազակներ էր համարում, այն զանազանությամբ միայն, որ մեկը կոպիտ սրով է