քեզ մոտ կհայտնվի մի մարդ։ Դու նրան կասես, դեռ արևը մայր չմտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մոտակայքում։
— Կարելի է նա հարցրեց, թե քեզ ո՞վ ուղարկեց։
— Իմ անունը կհայտնես։
— Կարելի է, նա չհավատա։
— Այս մատանին ցույց կտաս։
Սարհատը հանեց իր մատից մատանին և տվեց Մըստոյին։
— Կարելի է նա հարցրեց, թե ի՞նչ գործի համար է։
— Դու կպատմես այդ գերիները տանող քարավանի մասին բոլորը, ինչ որ տեսար, և կասես, թե քարավանը Սախկալ-Թութան կիրճի մեջ մտածին պես, պետք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից։
— Իմացա։ Նրանք քանի՞ հոգի են։
— Տասն և երկու։
— Ո՞վքեր են։
— Իմ ընկերները։
— Տասն և երկու հոգին բավական է հիսունի դեմ Սախկալ-Թութան կիրճում,— նկատեց Մըստոն.— ես էլ նրանց հետ տասն և երեք կլինենք։ Բայց 13 թիվը նաս[1] է։
— Ինձ էլ հաշվելու լինես, 14 հոգի կլինենք,— ասաց Սարհատը,— 14-ը նաս չէ։
— Մեզանից չորս հոգի բավական է, որ կիրճի դուռը կտրե, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ,— նկատեց Մըստոն,— ինչ լավ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կմնաս։
— Ես ծածուկ կհետևեմ քարավանին, մինչև կիրճին հասնելը։ Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խո չի՞ նեղացնի, մինչև Բիժինկերտ բավական հեռու է։
— Ո՛չ, չի նեղացնի, անիծված գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել։
— Վերքը քանի՞ օրվա է։
— Երեք օրվա, այսպիսի վերքեր շատ է տեսել Մըստոն, վնաս չունի։
— Դե՛հ, հիմա գնա։
Սարհատը և Մըստոն բաժանվեցան, մեկը սկսեց գնալ դեպի քանդված մատուռը, մյուսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետևել գերիվարներին։
- ↑ Նաս նշանակում է անբարի կամ չարագուշակ։ 13 թիվը նաս է համարվում մահմեդականների մեջ, համբարելու միջոցին 13 թվին հասնելու ժամանակ մահմեդականը միշտ անց է կացնում, ասելով․ «13 չէ»։