Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/373

Այս էջը հաստատված է
Գ

Ճանապարհին միացան Ավետի հետ մի քանի ուրիշ գյուղացիներ, որոնք նույնպես ծախելու բան էին տանում քաղաքը, և հետզհետե նրանց խումբը ստվարացավ։

Եղանակը հանդարտ էր։ Աստղերր խիստ անուշ ժպիտով փայլում էին պարզ երկնքից։ Օդի մեջ տիրում էր գարնանային փափուկ թարմություն։ Մի քանի օր առաջ եկած անձրևը բոլորովին ցամաքել էր, և ավանակները իրանց ծանր բեռների տակ կարողանում էին առանց խրվելու առաջ գնալ։ Կալոն մի քանի իր հասակակից և իրանից մեծ տղերքի հետ քշում էին ավանակները, նրանց հետևից կամաց-կամաց գալիս էին նրանց հայրերը, որոնք նույն միջոցին զբաղված էին մի այսպիսի խոսակցությամբ.

— Տեսնենք ինչպես կգնա ալյուրը,— ասաց գյուղացիներից մեկը։

— Ասում են, գլուխը բարձրացել է (թանկացել է),— պատասխանեց մյուսը։

— Հիմա լավ չծախվի, ապա ե՞րբ պիտի ծախվի,— մեջ մտավ երրորդը,— այս ձմեռ ձյունի երես չտեսանք, ամառը վա՜յ մեր հալին... խմելու ջուր էլ չենք գտնի...

— Բայց այս վերջին անձրևը բանը շինեց, թե չէ արտերը իստակ կչորանային։

— Մի անձրևով ի՛նչ կդառնա, ուղտը քթալով չես ջրի... Մեր մեղքից երկինքը կապվել է։

— Տերտերն էլ խաչ-ավետարան չէ ման ածում, կարելի է աստված խղճա,— մեջ մտավ մի ուրիշ գյուղացի երեսը խաչակնքելով։

— Տերտերը անջախ անեծքի տոպրակը թևի տակը դրած, շուտ-շուտ «գործակալի» մոտն է վազում ու ամեն օր մի նոր հրաման է բերում էս տվե՛ք, էն տվե՛ք... տալով հոգիներս դուրս եկավ... չես իմանում որի՞ դարդը քաշես... ամեն կողմից ուզում են... բայց մի կոպեկի խեր չունենք...

Այս խոսքերը վիրավորեցին մի ծեր ունի գյուղացու ջերմ եռանդությունը, և նա պատասխանեց.

— Դե էդպես եք խոսում, որ աստված բարկանում է, երեսը մեզանից դարձնում է, ո՛չ ձյուն է տալիս, ո՛չ անձրև։ Տերտերը, ինչպես էլ որ լինի, մեր հոգևոր հայրն է, նրա աղոթքն է մեզ պահում։