Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/378

Այս էջը հաստատված է

յոլա տանես, գեղըցին փող չի ուտի, երբ ունենա, կտա։ Մեր տերը դու ես, վերևում աստծուն ենք ճանաչում, ցածումը քեզ... չենք ուտում, չենք խմում, մեր երեխերքի բերնիցը կտրում ենք ու բերում քեզ տալիս, որ մեր հոգին պարտական չմնա։

Աղան կրկին սկսեց գրասեղանի վրա ածած թղթերի կույտը քրքրել և նրա միջից գտնելով Ավետի պարտամուրհակը, տվեց գործակատարներից մեկին, ասելով.

— Գիտեմ, Ավետը փող բերած կլինի, նրա հաշիվը տե՛ս։

Գյուղացին հասկանալով, որ իր խոսակցությունը աղայի հետ վերջացած էր, մոտեցավ գործակատարին և հանելով իր ծոցից մի բուռն թղթադրամ, առանց համբարելու ածեց նրա առջևը։

Գյուղացու հաշիվը գործակատարին հանձնելը մի տեսակ խորամանկություն էր աղայի կողմից, որպես որսորդը երբեմն իր որսը շան առջևն է ձգում նրան լավ գզգզելու համար, որ իր բարակը ավելի խամռոտի[1] և ավելի արյան սովորի։

Գործակատարը համբարեց իր առջևը ածած թղթադրամները, նայեց պարտամուրհակին, համրիչի հատիկները այս կողմը դարձրուց, այն կողմը դարձրուց և ապա ասաց.

— Բերած փողերդ դուրս գալուց հետո կմնաս հիսուն ռուբլի պարտական։

Գյուղացին սարսափի մեջ ընկավ։

— Իմ պարտքը առաջ հիսուն ռուբլուց ավելի չէր,— ասաց նա սրտի նեղությունիցը խեղդված ձայնով,— ապա էդ նոր տված փողերս ո՞ւր է գնում։

— Բա՛ տոկոսը չե՞ս հաշվում,— կոշտ կերպով պատասխանեց գործակատարը.— քո այժմ բերած փողը հազիվ տոկոսը կլրացնե։ Աղան նկատելով, գյուղացու և գործակատարի վիճաբանությունը, հեռվից ձայն տվեց.

— Ավետ ապեր, քեզանից հո ավել չեն առնի, որդի, ինչո՞ւ ես նեղացնում։

— Գրիգոր,— դարձավ նա դեպի գործակատարը,— տոկոսից մի բան բաշխիր Ավետին, մեր մարդն է, թո՛ղ շնորհակալ լինի։ Դուքնիցն էլ մի բան տուր, թո՛ղ տանե իր երեխերքի համար, զատիկ օր է գալիս, թո՛ղ ուրախանան։

Հաշիվում ավելի վեր առնեք, խաբեք և կրպակից մի բան ընծայելով,

  1. Խամռոտել — ժողովրդական բառ է, նշանակում է արյուն խմել կամ մարմին հոշոտելու սովորել։