Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/379

Այս էջը հաստատված է

գյուղացու աչքերը կապել, աղայի առևտրական տան հին սովորությունն էր։ Ավետին ընծայեցին երկու գունավոր աղլուխ և մի քանի արշին էժանագին չիթ։ Նա ընդունեց ընծաները և օրհնեց աղայի կյանքը։

Գործակատարը գրեց մի նոր պարտամուրհակ և գյուղացու առջև դնելով, ասաց, որ մատը թաթախե մելանի մեջ և կնիքի փոխարեն դնե թղթի վրա։ Ավետը կատարեց պատվերը, որովհետև վաղուց սովորած էր այս գործողությանը։

Կալոն դրսումը վաղուց արդեն ձանձրացել էր, մենակ սպասելով, նա շուտ֊շուտ գլուխը ներս էր բերում կրպակի դռնից, երկչոտ կերպով նայում էր և իսկույն ետ քաշվում, որ իրան չտեսնեն։ Վերջացնելով իր գործը, Ավետը նոր հիշեց իր բերած գառը և կանչեց Կալոյին, որ ներս բերե։

— Զատիկվա համար գառն էլ ես բերել, շատ ապրիս,— ասաց աղան, հետաքրքիր աչքով նայելով Կալոյի վրա։— Այդ ո՞վ է,— հարցրուց Ավետից։

— Ձեր ծառայի, մեռած եղբորս որդին է։

— Տղա, արջի քոթոթ, մոտ եկ, տեսնեմ,— կանչեց աղան։

Կալոն ամաչելուց կարմրել էր, և քրտինքը կաթիլ֊կաթիլ նրա ճակատից ցած էր թափվում։ Նրա կյանքում առաջին անգամն էր, որ իր վրա ուշադրություն էին դարձնում այնպիսի մեծ մարդիկ։

— Քանի՞ տարեկան է,— հարցրուց աղան, դառնալով դեպի Ավետը։

— Տասներկուսի մեջ նոր է ոտ դրել,— պատասխանեց նա։

— Տեսնողը կասե տասնհինգ տարեկան է. ի՞նչ ասել է գյուղացի... անկարգ կերել է, անկարգ մեծացել...

Աղայի հետաքրքրությունը փոքրիկ Կալոյի մասին ուներ իր առանձին պատճառները, վաղուց նրա կինը միշտ ասում էր, որ մի գյուղացի երեխա գտնե տանը սպասավորություն անելու համար, պատճառ բերելով, թե քաղաքացի տղերքը շատ սատանա են լինում, ամեն բանից գողանում են, բայց անկարելի է լինում գողությունը բռնել, իսկ գյուղացին միամիտ կլինի և պարզ, նրան կարելի է ամեն ինչ հավատալ։ Այս մտքով աղան մտածեց կորզել Ավետի ձեռքից նրա եղբոր որդուն։

— Գիտե՞ս ինչ կա, Ավետ ապեր,— ասաց նա իր սովորական մեղմ ձայնով,— քո հանգուցյալ եղբայրը շատ լավ մարդ էր, թո՛ղ աստված իր հոգին լուսավորե. դուն էլ լավ մարդ ես, բայց նա ուրիշ էր։ Ես ուզում եմ իմ հոգու համար նրան մի լավություն