Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

բախտը մի «ոսկի աքաղաղ» էր իր ոսկի հավի հետ, որոնք շատ անգամ երևացել էին նրա պապերին իրանց ոսկի ճտերով։ Այդ մասին Մասիսյանի ընտանիքի մեջ մնացել էր առասպելական ավանդությունների մի ամբողջ շարք, որ անցել էր սերունդից֊սերունդ։

Մասիսյանի հոր ժամանակ «ոսկի աքաղաղը» անհետացավ, և այս պատճառով նրա «բախտը քնեց», նա աղքատացավ, իսկ իր օրերում կրկին նա սկսեց գործ դնել իր բարերար ազդեցությունը։ «Ոսկի աքաղաղը» կրկին հայտնվելով, կրկին նրա «օջախի» բախտը փոխվեցավ դեպի բարին,— տունը «վրա եկավ» նրան,— և դրա համար, այս տան ամեն մի մաշված աղյուսը, ամեն մի կտոր փտած փայտը ստացավ նրա համար նվիրական նշանակություն, որ պետք էր պահպանել իրանց անփոփոխ ձևի մեջ, որ պետք էր անշարժ թողնել, չիցե թե խանգարվեր տան խորհրդական գաղտնիքը։

Մասիսյանը այն տեսակ հարուստներից չէր, որ մեր մեջ սովորաբար կոչվում են պարսկական բառովս «նովքիսա», այսինքն՝ նոր քսակի տեր, որ նշանակում է աղքատությունից բարձրացած և փողի տեր դարձած մարդ։ Այս տեսակ հարուստները զանազանվում են ժառանգական դրամատերերից մի քանի հատկություններով։ Դրանք, իբրև «չտեսներ», ամեն արժանավորություն, ամեն կատարելություն արծաթի մեջն են գտնում։ Դրանք երևակայում են, թե խելք, գիտություն, ազնվություն, պատիվ, մի խոսքով՝ ամեն բան ունեն, որովհետև փող ունեն և սիրում են այս վերջինը յուրաքանչյուր դեպքում երևան հանել, աչքի ձգել։

Դրանք մի տեսակ հրեշներ են, որ իրանց այլանդակությունը ծածկում են ոսկի դիմակով։

Բայց Մասիսյանը հիշյալ տեսակներից չէր։ Նա իր հարստությամբ ո՛չ պարծենում էր և ո՛չ հպարտանում, այլ ընդհակառակն, նա խիստ համեստ մարդ էր և աշխատում էր, որքան կարելի էր, սակավ ցույց տալ ժողովրդի աչքին այն, որքան ինքն ուներ։ — «Ներսս ինձ է այրում, դուրսս՝ ուրիշին»։— «Գումբազ եք տեսնում, բայց մեջը զորություն չկա»։— «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը»։— Ահա այսպիսի առածներով էր բացատրում նա իր վիճակը։

Մասիսյանը այլապես էր մտածում փողի վրա։ Ոչ ոք չէ պարծենում,— ասում էր նա, օրինակ,— այսպիսի հարստություններով, որ երկու աչք ունի, երկու ականջ ունի, երկու ձեռք ունի և