Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/385

Այս էջը հաստատված է

ճկուն լինել, պետք է ամեն կողմ ծալվել, որ կարելի լինի պահպանել իր ամբողջությունը։ Մասիսյանի մեջ մտացածին, կեղծ ոչինչ չկար։ Ամեն ինչ բխում էր նրա մեջ հաստատ համոզմունքից։ Նա հետևում էր իրերի և կյանքի պահանջների ընթացքին, և եթե այդ ընթացքը ձգել էր նրան ծուռ ճանապարհի վրա, նա մեղավոր չէր, այլ մեղավոր էր այն հոսանքը, որ նրան իր հետ էր տանում...»

Մասիսյանը իր ասպարեզը սկսեց «չոդարությունով», այսինքն՝ թողնելով հոր արհեստը, մսավաճառությունը, սկսեց այնուհետև եղջյուրավոր անասուններ գնել գյուղերից և բերել քաղաքը, ծախել մսավաճառներին։ Դա մի տեսակ գերեվաճառություն է։ Ով որ ճանաչում է «չոգարին»՝ անասնավաճառին, նա մեզ հետ կհամաձայնվի, որ չոգարը բնավորությամբ շատ չէ զանազանվում այն մարդիկներից, որ Աֆրիկայի ափերի վրա կատարում են ամոթալի առևտուր։

Փոքր ինչ հարստանալով, Մասիսյանը ձեռք առեց ուրիշ զանազան տեսակ առևտրական գործեր, և ամենի մեջ «ոսկի աքաղաղը» օգնում էր նրան, մինչև նա եղավ իր գավառի ամենահարուստ մարդը։

Բայց ստոր ծագումից բարձրացած մարդիկ, որպես էր Մասիսյանը, միշտ աշխատում են իրանց տոհմային անցյալը մոռանալ տալ և մի կերպով ազնվացնել նրան։ Մասիսյանը թեև հեռու էր ամեն տեսակ փառասիրությունից, բայց այդ ախտից ազատ մնալ չկարողացավ։ Ինչը դրդեց նրան, հայտնի չէ, միայն ցանկացավ ունենալ փոքր ինչ փայլուն տոհմանուն։ Եվ դրա համար մի մեծ դժվարություն չկար, բավական էր միայն նայել հայոց տարեգրությունների ցանկին և այնտեղից ընտրել մի պատմական անուն։ Նա ընտրեց Մասիս անունը, որովհետև մնացյալ բոլոր անունները բռնված էին։

Իր նախնիքների փառավոր անունները գողանալ և հեռու մնալ նրանց առաքինություններից,— դա մեր, այժմյան հայերիս մեջ, նոր բան չէ։ Մենք ունինք այժմ Արշակունիներ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Ամատունիներ, Պահլավուիունիներ, Կամսարականներ,— և ի՛նչ պետք է մի ըստ միոջե թվել,— մեր լեռնեցի, դաշտերի և գետերի անուններն անգամ միացած են սինլքոր մարդկանց տոհմանունների հետ, այնպես որ, եթե հայոց պատմագիրները նորից աշխարհ գալու լինեին, շատ պիտի զարմանային, տեսնելով, որ մեր բոլոր սպառված նախարարական սերունդը կրկին հարություն էր առել։