Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/389

Այս էջը հաստատված է

ջուրը, բայց մարդը մի այնպիսի բնազդում չունի, որ դրդեր նրան դեպի գողություն, այդ ախտին սովորում է նա վատ օրինակից, անկրթությունից, և վերջապես կյանքի ուրիշ պայմաններից։

Հայրը, իհարկե, չհասկացավ որդու խոսքերը, և մի խոժոռ հայացք ձգելով նրա երեսին, ասաց.

— Դա քո խելքի բան չէ, սուս կա՛ց...

է

Կալոյին թեև սկզբում դառն երևեցավ գյուղական ազատությունից զրկվելը, թեև նրան շատ դժվար էր իր սիրելի ընկերներից բաժանվելը, թեև նա շուտով չէր կարող մոռանալ իր սիրելի գառները,— բայց այսուամենայնիվ, այդ կիսավայրենի «արջի քոթոթը», որպես առաջին տեսնելիս կոչեց նրան աղան, հետզհետե սովորեց քաղաքին և մանավանդ Մասիսյանի տանը։ Նա հայտնվեցավ այս տանը, որպես հիշում է ընթերցողը, զատկի տոների օրերում։ Շատ հասկանալի է, որ տոն օրերում տան շներն և կատուներն անգամ ուրախ և երջանիկ են լինում, որովհետև անմասն չեն մնում այն բարիքներից, որ վայելում է ուրախ գերդաստանը։ Մասիսյանի ընտանիքը, որքան և չափավոր լիներ իր տնտեսության մեջ, դարձյալ մի գյուղական աղքատ խրճիթի զավակի համար կներկայացներ ամեն բարիքներով լի առատություն։

Սկզբում նրա վրա նայում էին և խոսացնում էին միմիայն հետաքրքրության համար, կոպիտ գյուղացու ամեն մի շարժմունքը ծիծաղ էր պատճառում։ Բայց հետո կամեցան փոքր-առ-փոքր կրթել և տաշել նրան։ Այդ հոգածությունը հանձն առավ գլխավորապես տիկին Մարիամը։

Մի քանի օրից հետո Կալոյին դժվար էր ճանաչել, գոնյա արտաքին կերպարանքից։ Ահագին մոթալ-փափախի տեղ կրում էր Ստեփանի գիմնազիստի հին կեպին, տրեխների տեղ հագել էր աղայի քրքրված քոշերը, որոնք իրանց մեծությամբ դժվարացնում էին նրան ազատ ման գալ։ Իր քաղաքե արխալուղի վրա հագել էր նույնպես աղայի թերմաշ կաբան, որի փեշերը անցնում էին ոտների կրունկներից, և որովհետև իր հասակից ավելի երկար էր, այս պատճառով մեջքը պնդել էր սև փոկով և կաբայի ավելորդ մասը թողել էր գոտիից վերև, և այսպիսով այս պարսկական վերնազգեստը