Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

է ենթարկվեր նրանց ասպատակություններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնության ձեռք հասցնեք, երկրորդ, որ ավելի գլխավորն էր, այստեղ կար «մեկը», որին նվիրված էր իր բոլոր սրտով։

Սարհատի այն խոսքերը, որ նա արտահայտում էր իր հայրենիքի ավերակների վրա շրջելու ժամանակ, այն խոսքերը, որ նա այնքան անգութ կերպով դուրս թափեց հոր առջև նրա հոգեվարքի րոպեներում,— այս բոլորը հուսահատ սրտից դուրս բխած հառաչանքներն էին, այս բոլորը դամբանական ողբեր էին, որ նա կարդում էր իր հայրենիքի գերեզմանական անշարժության վրա։ Նա զայրանում էր, նրա վրդովմունքը կատաղության և խելագարության էր հասցնում նրան, երբ տեսնում էր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը ցանկանում էր որ լիներ։ Նա շատ լավ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը, նա ինքը սարսափում էր իր արյունոտ ձեռքերից, թեև այն ձեռքերը միշտ թշվառների պաշտպան են եղել, և երբեք չեն թափել մի անմեղ արյուն, բայց նրա անձնասիրությունը վիրավորվում էր, տեսնելով, որ ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված էր լինեք մի ավազակային հրոսակի գլխավոր, մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից...

Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատվիրելով հարկավորած օգնությունը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղևորվեցավ դեպի Վան քաղաքը։ Այնտեղ նա ներկայացավ փաշային, և հայտնելով այն վտանգը, որ Սպառնում է Աղբակա հայերին, խնդրեց, որ իրան թույլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ երկիրը քրդերի և բաշիբոզուկների ասպատակություններից պաշտպանելու համար։ Բայց նրա խնդիրը չընդունվեցավ, նրան պատասխանեցին. թե «կառավարությունը ինքն ամեն խնամքներ գործ է դրել երկրի հանգստությունը պահպանելու համար»։

Նա ինքը շատ լավ էր հասկանում այս խոսքերի նշանակությունը և վերադարձավ Վանից առանց բավականություն ստանալու։ Եվ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր և հուսահատ։

Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել։ Երբ մտավ Ազբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը։ Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների և տանուտերերի, աշխատուն