Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/390

Այս էջը հաստատված է

ստացել էր մի ահագին տոպրակի ձև, որի մեջ ձգած էր խեղճ տղան։

Մի խոսքով, նա ոտքից ցգլուխ փոխված էր։ Նրա անունն անգամ փոխել էին. ռամկական կրճատված Կալո անվան տեղ այժմ կոչում էին Միքայել։ Նա փոխված էր դրսից միայն, բայց սրտով մնացել էր դարձյալ նույն ուրախ և միամիտ Կալոն իր գյուղական կոշտության մեջ, որպես մի անտաշ քար, որ հմուտ արհեստագետի ձեռքի տակ կարող էր գեղեցիկ փայլ ստանալ։

Զատկի տոների հետ անցան և նրա ուրախ օրերը։

Ավետ ապորը թեև խոստացել էին խանութում պահել փոքրիկ Կալոյին, առևտուր սովորեցնել և «մարգ շինել», բայց այդ խոստմունքները անկատար մնացին հենց սկզբից։ Նրան պահեցին տանը ծառայելու համար։ Փոքրիկ ծառայությունների մեջ նա շատ անշնորհք էր. ամեն մի առարկա նրա ձեռքից թռչում էր, ընկնում էր, կոտրվում էր և ամեն բանի դիպչելիս ցած էր գցում։ Օրինակ, մի բաժակ թեյ նա չէր կարող առանց վիթելու տեղ հասցնել, բայց եթե տայիր նրան մի փոքրիկ տակառ լիքը ջրով, կտաներ, և որտեղ ասես, կհասցներ։ Նա մանր բաների համար գլուխ չուներ, կարծես ստեղծված էր խոշոր գործերի համար։

Միքայելի — մենք էլ այսպես պիտի կոչենք այսուհետև — այս տեսակ անընդունակությունները սակավ ցավեր չպատճառեցին նրան։ Ամեն մի բան կոտրելիս, ամեն մի բան վիթելիս, խիստ հազիվ էր պատահում, որ մի ամբողջ օրով քաղցած չթողնեին։ Սկսյալ աղայից, մինչև վերջին աղախինը, բոլորը նրան հանդիմանում էին, անդադար կրկնելով,— «արջի քոթոթ»,— «էշ գյուղացի» և այլն։ Եվ այսպես, օր չէր անցնում, որ նա մի լավ «շնաթակ» չուտեր։ թայց Մասիսյանի ընտանիքի մեջ նա ուներ մի պաշտպան միայն, դա էր տիկին Մարիամը, որ ներում էր նրան որպես մի անփորձ երեխայի և պատվիրում էր նրա անմեղ հանցանքները չհայտնել աղային, որ չծեծվի։

Միքայելը, որպես մեզ հայտնի է, լավ ձայն ուներ, քաղցր երգում էր, երբ դեռ գյուղումն էր, բայց այդ ուրախ թոչնիկը իսպառ լռեց, երբ մի չար բախտով ընկավ երկաթի վանդակի մեջ։ Մի քանի անգամ այն աստիճան հուսահատվեցավ նա, որ փորձ փորձեց փախչել և կրկին գյուղ գնալ.— գնալ իր սիրելի ընկերների և տատի մոտ, այնտեղ ոչ ոք չէր ծեծում նրան։ Բայց տիկին Մարիամը կես ճանապարհից ետ բերել տվեց, մխիթարեց և կրկին համոզեց մնալ։