Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/391

Այս էջը հաստատված է

Մասիսյանի ընտանիքի մնացյալ անդամներից Գայանեն նույնպես լավ էր Միքայելի հետ, թեև երբեմն ծաղրում էր, բայց պատահած ժամանակ իր ստացած մրգեղենից նրան բաժին էր հանում։ Իսկ Հռիփսիմեին բոլորովի՜ն անտանելի էր նա. այդ գեղեցիկ և հպարտ արարածը մի առանձին ատելություն ուներ դեպի գյուղացի տղան, որին ստիպում էր երբեմն գանգատով դիմել տիկին Մարիամին։ Ստեփանը, աղայի որդին, իր եղբոր պես սիրում էր նրան, նա գնեց Միքայելի համար մի ընթերցարան և պարապ ժամերում դաս էր տալիս, բայց մի օր այդ նկատեց աղան և գիրքը առնելով տղայի ձեռքից, մի կողմ ձգեց և դառնալով դեպի որդին ասաց. «Ուզում ես դրան էլ փչացնես քեզ նման...»։

Միքայելի մեծ մխիթարությունը նրանումն էր, որ երբեմն բազարում տեսնում էր իրանց գյուղացիներից մի քանիսին, երբ քաղաքը բան էին բերում ծախելու։ Մի անգամ մեյդանի միջով անցնում էր նա, հանկարծ տեսավ իր ընկերներից մեկին։

— Ա՛ Թո՜ւն, ա՛ Թո՜ւն,— կոչեց նա, իր վաղեմի ընկերի մոտ վազելով։

Ընկերը չճանաչեց։ Միքայելը քարշ ընկավ նրա վզից և սկսեց համբուրել։

— Խաչը վկա, չճանաչեցի,— խոսեց գյուղացին։— էդ ի՞նչ ես դառել, Կալո, դրուստ, որ, «չամչի խաթունի» նման ես...

— Ի՞նչ անեմ, Թուն ջան, քաղաքումը էդպես են հագցնում,— պատասխանեց Միքայելը,— անունս էլ փոխեցին... էլ Կալո չեն կանչում... Դու էն ասա՛, Թունի ջան, մեր տունը գնո՞ւմ էիր, տատս ո՞նց է, ի՞նչ էին անում երեխեքը, Կիճին մեծացե՞լ է, Պապին հիմա ման գալիս կլինի...։ (Վերջին անունները իր հորեղբոր փոքրիկ երեխաների անուններն էին)։

Նա առանց պատասխան սպասելու խոսքը փոխեց։

— Դուն ի՜նչ էիր շինում, Թունի ջան, ամեն օր լեղանո՞ւմ էիր գետումը. ա՜խ, էստեղ չեն թողնում, որ մարդ ջրի երես տեսնի... Հիմա խոտը հնձո՛ւմ կլինեն, էնպես չէ՞, ո՞վ էր հավաքում մեր խուրձերը։ Ես եկել եմ բազարիցը կանաչի տանելու, հացն էլ ինձ են առնել տալիս, ասում են, առուտուր սորվիր։ (Նա կրկին խոսքը փոխեց)։ Մեր շլորենիքը հասե՞լ են։ Մեր շունը տեսա՞ր։ Ո՞վ էր արածացնում մեր գառները։ Էստեղ լավ չէ, Թունի ջան, սիրտս տրաքում է, չեմ իմանում, թե ինչ անեմ... Տատիս ասա՛, թե Կալոյին տեսա։ Ո՞ւմ հետ եկար։ Ե՞րբ ես գնալու։ Էստեղ շատ վատ է, Թունի ջան...