Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/395

Այս էջը հաստատված է

Նրա դեմքն անգամ փոխվել էր. գյուղական լիքը և կարմիր թշերը մաշվել էին, նուրբ և գեղեցիկ գծագրություն էին ստացել, և առաջվա զվարթ գույնը տեղի էր տվել խիստ ախորժ գունատության։ Անփոփոխ մնացել էին միայն կրակոտ աչքերը։

Խանութի բոլոր հաճախորդները ճանաչում էին Միքայելին։ Նա այն տեսակ տղերքից չէր, որ անհայտ մնար, որ նրա վրա ուշադրություն չդարձնեին։ Ամեն մարդ ախորժում էր խոսեցնել նրան և լսել նրանից մի քանի խոսքեր։ Միքայելը չափազանց կամակատար տղա էր. դեռ մեկը իր ծխախոտի գլանակը չշինած, նա արդեն լուցկին ձեռքում պատրաստ ուներ, որ պարոնին մի ծառայություն անե, և մեկը մի բան գնելիս, շուտով առնում էր, շնորհքով փաթաթում էր, շատ անգամ առանց նրանից խնդրելու, տանում, հասցնում էր գնողի տունը։

Բայց երբեմն ծագում էին փոքրիկ անհամաձայնություններ Միքայելի և աղայի՝ Մասիսյանի մեջ։ Պատճառները առաջ էին գալիս վարպետի և աշակերտի հասկացողության անմիաբանությունից։ Օրինակ, խանութը մտել է մի տիկին և կամենում է գնել մի քանի արշին չիթ կամ մի քանի ֆունտ թեյ։ Մասիսյանը սկսում է տիկնոջ հետ մի ամբողջ պատմություն, թե նրա հանգուցյալ այրը իր լավ բարեկամն էր, թե ինքը նրա հիշատակը պատվելու համար պետք է զիջումներ անե և ապրանքի լավը տա, և այլն։ Հետո նա դառնում է Միքայելին, ասում է.

— Ա՛յ տղա, այն լավ տեսակիցը բեր։

Միքայելը բերում է ամենալավ տեսակիցը, բայց աղան մի խոժոռ հայացք ձգելով անփորձ աշակերտի երեսին, ասում է.

— Հիմար, ա՞յդ է լավը, դու ե՞րբ պետք է ճանաչես ապրանքները։

— Դրանից լավը չունենք, աղա,— պատասխանում է աշակերտը միամտությամբ։

— Ո՞նց թե չունենք, լակոտ,— բարկանում է աղան և ինքն է գնում բերելու խնդրած ապրանքը։

— Էդ խո վատիցն է..․— նկատում է աշակերտը։

Աղան ուշադրություն չէ դարձնում, չափում է, կշռում իր ընտրած ապրանքիցը «մուշտարուն» ճանապարհ է դնում։ Հետո նա դառնում է դեպի անփորձ աշակերտը.

— Անպիտան, դու ե՞րբ պետք է մարդ դառնալս, դու ե՞րբ պետք է բան սովրես։ Երբ քեզ ասում են «լավիցը» բեր, դու պետք է «վատը» հասկանաս... Իմանում ե՞ս...