Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/396

Այս էջը հաստատված է

— Ի՞նչպես իմանամ։ Լավը լավ է, վատը վատ է։ Ես բոլոր ապրանքները ճանաչում եմ։

— Սարսա՛ղ, մուշտարուն առաջ լավը ցույց կտան, հետո վատը կտան... Հասկացա՞ր...

— Էդ ես չէի իմացել...— խոսում է ինքն իրան Միքայելը։- Հետո մարդու հոգին ո՞ւր կգնա, խո կկորչի՛...

Աղան սկսում է կարդալ նրա գլխին մի ամբողջ շարական.

Թ

Մասիսյանի խանութը և նրա ամբողջ առևտրական գործավարությունը ոչ սակավ ուշադրության արժանի էին իրանց ինքնուրույնությամբ։ Խանութը, որ ավելի նման էր մեծ ամբարի, ներկայացնում էր ամեն տեսակ իրեղենների մի խառնաշփոթ մթերանոց։ Այնտեղ կարելի էր գտնել ամեն ինչ, սկսյալ մանուֆակտուրայի ամենանուրբ գործվածքներից, սկսյալ գալանտերեական թանկագին իրեղեններից մինչև դարբինների համար երկաթի շերտեր, մինչև կոշկակարի համար կաշիներ, նավթ, շաքար, թեյ, երեխաների խաղալիքներ և այլն։ Այնտեղ կարելի էր տեսնել ձուկը, սալյանի դոշը, Մոսկվայի քաղցրավենիքի հետ մի կարգում դարսված։ Այնտեղ կարելի էր գտնել զանազան եվրոպական խմելիքներ և տեղային արաղ։ Այնտեղ կարելի էր ամեն բան գտնել. ծիծեռնակի կաթը միայն պակաս էր այնտեղ։ Խոհարարը իր խոհանոցի համար կարող էր ձվաներ և ձավար գտնել, իսկ պճնասեր տիկինը իր մա- դերի համար անուշահոտ յուղեր։ Այնտեղ պակաս չէր հիվանդների համար հինայի փոշի և անանուխի յուղ։ Այս բոլորը այնպես խառնափնթոր կերպով ածած էին մինը մյուսի հետ, որ Մասիսյանի խանութը ամբողջ գավառի մեջ առակ էր դարձել՝ ամեն մի խճճված և խառնաշփոթ բանի համար ասել, թե դա պարոն Մասիսյանի խանութն է։

Ինքը Մասիսյանը անգրագետ մարդ էր։

Գիրը նրան այնքան ատելի էր, որքան սատանան։ Հաշվապահություն ասած բանը չկար նրա խանութում։ «Ա՛ռև-տո՛ւր»— այս բառի իմաստը նա լավ էր հասկացել,— մի ձեռքով առնեք, մյուսով տալ,— այսպես էր հասկանում նա վաճառականությունը։ «Նիսիայի» հետ գործ չուներ նա։ Հաշիվ, ասացինք, չէր պահում, նրա ամբողջ