Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/40

Այս էջը հաստատված է

էր նրանց համոզեր թե պետք է զինվորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար։ Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշավանքը, բայց ամեն տեղ սկսվել էին նկատելի լինել քրդերի բարբարոսությունները։ Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, որոնք զինվորված էին և ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, և ոչ ինքը կառավարությունը կարողացավ նրանց զինաթափ անել, որովհետև պատասխանում էին, թե մենք պետք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարությանը մեզ պահպանելու շնորհք չունի։ Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախույսներ էր տալիս, հորդորում էր և ուրիշ շատ բաներ էր ասում... Բայց քահանաները, վարդապետները և ժողովրդի իշխանները նրան հիմարի և խելագարի տեղ էին դնում...։ Այս ավելի վշտացրեց նրան, քան թե փաշայի խաբեությունը, և այն ժամանակ նա ավելի համոզվեցավ, թե այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկության, թե նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշվառ ներկա...

Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկություն չուներ, և չգիտեր, թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին։ Միայն այն օրը մի պայմանյալ օր էր, որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին «քանդված մատուռի» մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք է տեսնվեր իր ընկերների հետ: Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սախկալթութան կիրճի մոտ, որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին։

Մըստոյի ձեռնարկությունը անպտուղ չմնաց. նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մոտ։ Ինքը նույնպես հասավ այնտեղ։ Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցավ բոլորի հետ, ասելով.

— Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թեև համոզված եմ, որ սրտով ձեզանից ամեն մեկը վիրավորված է, վշտացած է, տեսնելով այնքան ավերածներ և կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը։ Բայց այսօր մի գեղեցիկ դեպք առիթ կտա ձեզ գործ դնել ձեր քաջությունը, և դրա համար էլ կանչեցի ձեզ։ Մենք 14 հոգով գործ պետք է ունենանք ավելի քան հիսունհոգի վայրենի Հարտոշիների հետ։

— Մըստոն բոլորը պատմել է մեզ,— պատասխանեց քահանան