Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

տեղը նիրհել։ Բայց անկարելի էր գիտենալ՝ արդյոք նա քնած էր, թե արթուն։ Որովհետև հենց մի «մուշտարի» ներս մտնելիս, մի բան պահանջելիս, երբ աշակերտները ուշ կշարժվեին, նա իսկույն աչքերը բաց կաներ, կասեր՝ «Լակոտներ, քոռացե՞լ եք, ինչ է, չե՞ք տեսնում, բան են ուզում»։

Բայց մի անգամ մի դեպք Մասիսյանին այնքան կոտրեց, որ նա իր բոլոր աչալրջությամբ իրան խաբված և հաղթված համարեց։ Իր մտերիմ բարեկամներից մեկը վախճանվել էր, նա պարտք համարեց թաղման ներկա գտնվիլ։ (Կրոնական պարտավորությունների մեջ ճիշտ էր Մասիսյանը)։ Բոլորովին հոգնած վերադարձավ նա խանութը, տեսավ՝ մյուս աշակերտները գործի էին գնացել, այնտեղ մնացել էր միայն Միքայելը։ Պատվիրելով նրան նայել խանութին, ինքը գնաց, նստեց իր սովորական տեղը։ Սաստիկ տաք օր էր։ Հոգնածությունը մեկ կողմից, իր մտերիմի մահվան տխրությունը մյուս կողմից, նրան խիստ թուլացրել էին։ Պետք է խոստովանել, որ հանգուցյալի հոգու համար մի քանի բաժակ ավել էր խմել։ Եվ այս պատճառով, հենց որ նստեց իր տեղը, սկսեց խորին կերպով նիրհել։ Նույն միջոցին մի բավական լավ հագնված երիտասարդ ներս մտավ, նայեց իր շուրջը և հանդարտ մոտեցավ տղային։ Նրա ոտքերի ձայնից աղան զարթնեցավ։

— Առեք այդ բանը,— ասաց անծանոթը՝ շտապով հանելով իր ծոցից մի ոսկյա ժամացույց։— Ինչ կտաք, տվեք, փողի սաստիկ կարոտություն ունեմ։ Կինս մեռնելու վրա է, շտապում եմ բժշկի մոտ։

Մասիսյանը ուշադրությամբ նայեց անծանոթին, նայեց ժամացույցին և ասաց.

— Հիսուն ռուբլուց ավել չի արժի։

— Տվե՛ք փողը, աստված ձեզ խեր տա, բայց հավատացեք, որ Մոսկվայում ութսունով եմ գնել,— ասաց անծանոթը դարձյալ շտապեցնելով։

Մասիսյանը համբարեց հիսուն ռուբլին, անծանոթը շուտով հեռացավ։

Միքայելը, որ զարմացած նայում էր այս առևտուրին, խոսեց անծանոթի հեռանայուց հետո։

— Այդ մարդը մի ժամ առաջ մտավ մեր խանութը, ժամացույցներին շատ նայեց, այս կողմ և այն կողմ տվեց, հետո ոչինչ չասեց, ասաց՝ ես ուզում էի միայն գներն իմանալ, ես մի հատ ունեմ ծախելու։