Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/401

Այս էջը հաստատված է

— Տարա՜վ հիսուն ռուբլին...— կոչեց Մասիսյանը։

— Ի՞նչպես թե տարավ,— հարցրեց Միքայելը զարմանալով։

—Աչքդ՛ հանեց, այնպես տարավ,— պատասխանեց աղան բարկությամբ,— այդ ժամացույցը մերն է։

— Բա՛ս նա գողացավ, տեր աստված, մի այնպիսի մարդ գողությո՞ւն կանի, այնպես լավ հագնված, այնպես շնորհքով։

— Հա, այնպես շնորհքով մարդը գողություն կանի, և ոչ քեզ նման հիմարը...— պատասխանեց աղան առաջին բարկությամբ։— Ի՞նչ ղոչաղ տղա,— խոսեց Մասիսյանը ինքն իրան,— հալալ ըլի քեզ քո մոր կաթը, ինձ ջեր սատանան չէր խաբել, բայց դու լավ խաբեցիր, եթե ձեռքս ընկնեիր, հազար մանեթ կտայի քեզ, եթե ուզենայիր ինձ մոտ ծառայել։

Հետո նա կրկին դարձավ դեպի Միքայելը․

— Տեսնում ե՞ս, լակոտ, էսպես կլինի ղոչաղ տղան, մարդու աչքի միջից մազ կթռցնե, և մարդը չի իմանա։ Տեսնում ես.․․

Միքայելը ոչինչ չխոսեց։

Ժ

Մասիսյանի բնակարանը, նրա հնադարյան տունը չէր զանազանվում նրա խանութից։ Որպես խանութումը վաճառքի էր դրված ամեն տեսակ փտած, բորբոսած և գործածությունից ընկած հին մթերք, այնպես էլ նրա տան մեջ տիրում էր նույն բորբոսը, նույն փտությունը, նույն հնացած կյանքը իր բոլոր մաշված կողմերով։

Մասիսյանի տունը մի կիսավեր ամրոցի տպավորություն էր գործում նայողի վրա, որի բնակիչները շատ տարիներից առաջ անհետացել էին, և այն ամենը, ինչ որ կառուցել էր մարդկային ձեռքը, և որ պիտի պահպանվեր մարդու խնամքով, անտեր մնալով, ժամանակի կործանիչ ներգործությունից հնացել, տրորվել և թափվել էին։ Ամբողջ (կամենում ենք ասել՝ բոլորովին չկործանված) մնացել էին մի քանի շենքեր միայն.— թոնրատունը, որ ծառայում էր որպես պաշարեղենների ամբար և միևնույն ժամանակ որպես խոհանոց և հաց թխելու տեղ. մառանը, ուր պահվում էին գինու կարասները, մրգեղեն և զանազան տեսակ թթվեցրած արմտիք, և բացի դրանից կային երեք սենյակներ, որոնցից մեկը