Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/405

Այս էջը հաստատված է

տղան չէր պատվիրել, բայց երբ հայտնվում էր «գողությունը» այն ժամանակ հիշոցները և կռիվը վերջ չունեին։

Աստուծո առանձին ողորմությունը պետք է համարել, որ աղան— ընտանիքի հրեշը — ամբողջ օրը տանը չէր գտնվում։ Վաղ առավոտյան նա գնում էր ժամ, այնտեղից դիմում էր խանութը, ուր մնում էր բոլոր ցերեկը մինչև արևի մտնելը և երեկոյան դառնում էր տուն։ Նրա բացակայության ժամանակ ընտանիքը ավելի ազատ էր զգում իրան, կարող էր հանգստանալ, կարող էր զվարճանալ։ Իսկ այդ զվարճությունը սահմանափակվում էր տան չորս պատերի մեջ, որին ավելի նպաստում էր պարտեզը։ Պարտեզի մեջ կար մի հին լճակ, որ միշտ լիքն էր լինում ջրով, նրա բոլորտիքը շրջապատված էր ահագին ծառերով, որոնք աճելով, իրար անցնելով, կազմել էին լճակի վրա խիստ գեղեցիկ, կամարներ սաղարթախիտ ոստերով։ Արեգակի ճառագայթները երբեք մուտք չէին գործում այնտեղ, և ամառվա սաստիկ տոթերի՝ ժամանակ միշտ կարելի էր գտնել այդ լճակի հովանավոր ափերի մոտ խիստ ախորժելի զովություն։ Այնտեղ տիկին Մարիամը իր զավակների հետ անցուցանում էր ցերեկվա հանգստի ժամերը, երբ ազատ էր լինում տնային գործերից։ Գայանեն և Հռիփսիմեն, նստած մեկը մյուսի մոտ, ծառերի շուքի տակ տարածված գորգի վրա, իրանց մանրիկ մատիկներով կամ կարում էին, քչփչում էին՝, ծիծաղում էին, և կամ ձանձրանալով, կարը մի կողմ թողնելով, սկսում էին հացի փշրանք շաղ տալ լճի մեջ, դուրս հրավիրել ձկներին, որոնց թրթռալը ավելի էր զվարճացնում երեխաներին։ Մայրը նայում էր նրանց վրա և ուրախանում էր։ Այնտեղ հանգստանում էր և Ստեփանը, երբ հոգնած, թուլացած տուն էր դառնում իր մասնավոր դասերից, որ տալիս էր զանազան տներում։

Արևելյան տաք երկրներում, որոնց թվում կարելի է համարել և Ե... քաղաքը, առատ ջուրը և ընդարձակ պարտեզը բակերի՝ մեջ մի առանձին մխիթարություն է փակված ընտանիքի համար, որ տնից դուրս զուրկ է մնում բոլոր զվարճություններից։ Մասիսյանի տան մեջ այդ կարևորությանը մասամբ բավականություն էր տալիս նրա պարտեզը։ Եթե ոչ, խոնավ, օդից և լույսից զրկված, նեղ սենյակները բոլորովին կմաշեին, կսպանեին բնակիչներին, եթե պարտեզը չլիներ։ Տարվա երեք եղանակների մեծ մասը —գարունը , ամառը և աշունը —համարյա այնտեղ էին անցկացնում։ Այնտեղ ծառերի հովանու տակ, լճակի մոտ ճաշում էին, հյուրեր էին ընդունում. այնտեղ պարապում էին և այնտեղ գիշերները