Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է

քնում էին առանձին պատրաստված «քեթիրների»[1] մեջ։ Ընկերությունը ծառերի, խոտերի, ծաղիկների և թռչունների հետ մոտեցնում է մարդուն այն երանական կյանքին, որ ավելի մոտ է բնությանը։

ԺԱ

Տոթային օր էր․ հուլիսյան արեգակը սաստիկ այրում էր։ Տիկին Մարիամը ճաշի սեղանը պատրաստել էր փոքրիկ լճակի ափի մոտ, սպասում էր Ստեփանը տուն դառնա, որ միասին ճաշեն։ Անցավ սովորական ժամը, անցավ մի ժամ ևս, երկու ժամ ևս, նա չհայտնվեցավ։ Աղջիկները չկարողանալով համբերել, իրանց բաժինը կերան և սկսեցին խաղալ պարտեզի մեջ։ Խեղճ կինը մի պատառ անգամ բերանը չդրեց և սպասում էր որդուն։

Վերջապես եկավ նա, լուռ և տխուր, որպես լինում էր միշտ։ Առանց մի բառ խոսելու, նա անցավ և պառկեց գորգի վրա, որ փռած էր ծառի տակ։ Մայրը «թոնրատանն» էր և պատրաստում էր նրա բաժին ճաշը, Գայանեն և Հռիփսիմեն խոտերի վրա նստած՝ հագցնում էին իրանց «տիկիններին» նոր կարված հագուստներ, զարդարում էին, պատրաստում էին, որովհետև մյուս առավոտյան կիրակի էր, և դրացի աղջիկները պետք է «տիկինների» հարսանիք ունենային։ Ստեփանի ուշադրությունը գրավեց իր քույրերի ժրաջան աշխատությունը։

— Հռիփսիմե, ե՛կ ինձ մոտ,— ասաց նա։

— Ի՞նչ ես ասում, ես այստեղ գործ ունեմ,— պատասխանեց փոքրիկ Հոիփսիմեն։

— Ե՛կ, ասում եմ քեզ։

Փոքրիկ աղջիկը մոտեցավ եղբորը և ընկավ նրա կուրծքի վրա։

— Ինձ հետ խաղա, Հռիփսիմե։

— Ի՞նչ խաղամ, դու «տիկին» չունես։

— Կախ տուր ինձ, մազերիցս քաշե, ինչ որ ուզում ես, արա՛ Հռիփսիմե։

  1. Քեթիր մի տեսակ քառանկյունի մեծ արկղի ձև ունեցող՝ տախտակներով շինված, շարժական սենյակ է, որ բարձրացնում են չորս երկայն սյուների վրա տների պարտեզների մեջ, կամ կտուրների վրա։ Նրա մեջ քնում են ամառը, որովհետև համ զով է լինում, համ պահպանում է մոծակներից և այլ թունավոր միջատներից։